Գլխավոր Լրահոս

Պատերազմը ռուսների համար մոտ է դարձել, քան երբևէ

Պատերազմը ռուսների համար մոտ է դարձել, քան երբևէ

Ուկրաինայի վերջին հարվածները Ռուսաստանի խոշոր պահեստներին վկայում են, որ Կիևը փոխում է պատերազմի տրամաբանությունը, գրում է բրիտանական The Economist-ը։ Եթե նախկինում հիմնական թիրախները նավթավերամշակման գործարաններն ու ռազմական ենթակառուցվածքներն էին, այժմ հարվածների տակ են հայտնվում նաև այն օբյեկտները, որոնք առնչվում են միլիոնավոր շարքային ռուսաստանցիների առօրյային։

Հուլիսի 18-ին ուկրաինական անօդաչու սարքերը հարվածեցին Ռուսաստանի խոշորագույն առցանց առևտրային հարթակներից մեկի՝ Wildberries-ի երկու պահեստներին՝ Մոսկվայում և Տամբովում։ Զոհվեց ութ մարդ, ավելի քան 80-ը վիրավորվեց։ Նախնական գնահատականներով ոչնչացվել է շուրջ 150 մլրդ ռուբլու (մոտ 1,9 մլրդ դոլարի) ապրանք։ Չորս օր անց հարվածներ հասցվեցին ևս երկու պահեստի Ռուսաստանի հարավ-արևմուտքում, որտեղ մեկ մարդ զոհվեց։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Wildberries-ը միայն քաղաքացիական նշանակություն չունի․ նրա խոսքով՝ զինվորներն ու կամավորները հարթակի միջոցով գնում են նաև ռազմական նշանակության ապրանքներ՝ անօդաչուների բաղադրիչներ, զրահաբաճկոններ և այլ սարքավորումներ։ Միաժամանակ նա հարվածները ներկայացրել է որպես պատասխան Ռուսաստանի կողմից ուկրաինական քաղաքների և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ իրականացվող հարձակումներին։ Դրանք հաջորդել էին նաև ուկրաինական Nova Poshta փոստային և լոգիստիկ ընկերության օբյեկտների վրա ռուսական հարվածներին, որոնք Մոսկվան նույնպես համարում է ռազմական նշանակության։

Մինչ այժմ ռուսաստանցիներն արդեն զգացել էին պատերազմի հետևանքները նավթավերամշակման գործարանների դեմ հարձակումների պատճառով, որոնք վառելիքի պակաս էին առաջացրել երկրի տարբեր շրջաններում։ Սակայն նոր հարվածներն ավելի անմիջական են դարձնում պատերազմի ազդեցությունը՝ կոտրելով այն պատկերացումը, թե մարտերը սահմանափակված են Ուկրաինայի տարածքով։

Մոսկվայի բնակիչներից մեկը նշում է, որ սև ծխի սյուներն արդեն դարձել են առօրյայի սովորական տեսարան։

Wildberries-ը միլիոնավոր հաճախորդներ ունի, իսկ հարյուր հազարավոր վաճառողներ այդ հարթակի միջոցով իրացնում են ամենատարբեր ապրանքներ՝ հագուստից և կենցաղային իրերից մինչև էլեկտրոնիկա։ Այդ պատճառով հարվածների հետևանքները տարածվել են երկրի գրեթե ամբողջ բնակչության վրա։

Քաղաքագետ Ելենա Պանֆիլովայի խոսքով՝ այս հարձակումները «գրեթե բոլորին են ազդել՝ ֆիզիկապես, ֆինանսապես կամ հոգեբանորեն»։

Սոցիալական ցանցերում բազմաթիվ փոքր ձեռնարկատերեր պատմել են իրենց կրած վնասների մասին։ Փոքր քաղաքի բնակիչ մի կին գրել է, որ սեփական ձեռքերով պատրաստած ամբողջ ապրանքը կորել է մեկ ակնթարթում։ Կոսմետիկայի վաճառքով զբաղվող Նատալյա Պլոնկեն էլ նշել է, որ պատերազմի ռիսկերն աստիճանաբար տեղափոխվում են սովորական վաճառողների վրա, և իրավիճակը, իր կարծիքով, միայն վատթարանալու է։

Wildberries-ը, սակայն, կարծես նախապես կանխատեսել էր նման զարգացումները։ Հարձակումներից երկու շաբաթ առաջ ընկերությունը փոփոխել էր վաճառողների հետ պայմանագրերը՝ հրաժարվելով պատերազմի հետևանքով առաջացած վնասների համար պատասխանատվությունից։

Պատերազմի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է

Ռուսաստանցի ռազմական բլոգերները վաղուց էին դժգոհում, որ հասարակության մեծ մասը փորձում է անտեսել պատերազմը։ Նրանցից ոմանք նույնիսկ դրական էին գնահատում վերջին հարվածները՝ պնդելով, թե դրանք մարդկանց ավելի ակտիվ կներգրավեն պատերազմի թեմայում։

Սակայն հոդվածագիրը նշում է, որ նման զարգացումները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ՝ մեծացնելով պատերազմի նկատմամբ դժգոհությունը։ Որպես օրինակ բերվում է Սամարայի մարզում տեղի ունեցած միջադեպը, երբ պատերազմի վետերանը փորձել էր արտոնություն ստանալ բենզալցակայանում, սակայն հերթում կանգնած վարորդները ծեծի էին ենթարկել նրան։

Սոցիոլոգիական հարցումները ևս վկայում են աճող դժգոհության մասին։ Կրեմլին մոտ կանգնած VCIOM կենտրոնի տվյալներով՝ կառավարության քաղաքականությունից գոհ քաղաքացիների բաժինը տարվա սկզբի 45 տոկոսից հունիսին նվազել է մինչև 21 տոկոս։ Անկախ «Լևադա» կենտրոնի գնահատմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է այն մարդկանց թիվը, որոնք կարծում են, թե Ռուսաստանը սխալ ուղղությամբ է շարժվում՝ 17 տոկոսից հասնելով 35 տոկոսի։ Բարձր մակարդակի վրա մնալով հանդերձ՝ նվազում է նաև Վլադիմիր Պուտինի անձնական վարկանիշը։

Կրեմլը վերահսկում է ընտրությունները, բայց ոչ տրամադրությունները

Մոսկվայում արդեն լայնորեն տարածվել են «За Путина» նախընտրական պաստառները՝ պատերազմի խորհրդանիշ դարձած «Z» տառով։ Խորհրդարանական ընտրությունները մոտենում են, սակայն պատերազմի դեմ արտահայտվող քաղաքական գործիչները չեն մասնակցում ընտրություններին, և Կրեմլը շարունակում է վերահսկել ընտրական գործընթացը։

Միևնույն ժամանակ հոդվածագիրը եզրակացնում է, որ իշխանությունները չեն կարող նույն կերպ վերահսկել հասարակական տրամադրությունները։ Ռուսաստանցիների մեծ մասը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի։ Պետական հեռուստատեսությունը շարունակում է քիչ անդրադառնալ ուկրաինական անօդաչու հարձակումներին, ինչը, ըստ հոդվածի, ավելի է թուլացնում հեռուստատեսության նկատմամբ վստահությունը։ Թեև բնակչության 56 տոկոսը դեռ հեռուստատեսությունն է համարում տեղեկատվության հիմնական աղբյուրը, միայն 37 տոկոսն է ասում, որ վստահում է դրան։

Հոդվածն ավարտվում է այն մտքով, որ եթե նախկինում Պուտինը պատերազմը հասցրել էր ռուսների հեռուստաէկրաններին, ապա այժմ այն մտել է նրանց առօրյա կյանք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում