Հանրապետությունում ջերմաստիճանը կհասնի մինչև +40°C, հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 24-ին օգոստոսի 22-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32․․․+33°C, նախալեռնային գոտում +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40°C։
Օգոստոսի 24-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Օգոստոսի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։











