Գլխավոր Լրահոս

Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին՝ առանց Անկախության հռչակագրին հղման․ վարչապետ

Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին՝ առանց Անկախության հռչակագրին հղման․ վարչապետ

Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում, և այն չի պարունակելու հղում 1990-ի Անկախության հռչակագրին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 24-ին Ազգային ժողովում ներկայացնելով Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։

«Ինչու՞։ Մի պարզ պատճառով, մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը և ժողովուրդը այդ որոշումը հաստատել է։ Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին, կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող, առավել ևս 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին և խաղաղության օրակարգն այժմ այլևս համապետական օրակարգ է։ Ըստ այդմ, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը կառավարության համար առաջնային օրակարգ է»,- ասել է վարչապետը։

Նա հայտարարել է, որ դատական համակարգում իշխանության լիարժեք լեգիտիմություն հաստատելու միակ ճանապարհը նոր Սահմանադրության ընդունումն է։ Անդրադառնալով ընդդիմադիր շրջանակների արձագանքին և այն պնդումներին, թե նոր Սահմանադրության օրակարգն ադրբեջանական է, վարչապետն ընդգծել է.

«Սա է պատճառը, որ այդ նույն շրջանակները ջանք ու եռանդ չեն խնայում նոր Սահմանադրության ընդունման օրակարգը դեմոնիզացնելու, այն որպես օտարերկրյա, ավելի ճիշտ, ադրբեջանական օրակարգում կարգ ներկայացնելու համար»։ Նա հավաստիացրել է, որ «նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է»։

***

Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին Հայաստանի իշխանությունը սկսել է խոսել Բաքվից հնչող պահանջների ֆոնին, չնայած՝ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ 2019-ի հունիսին ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կենտրոնանալով դատական բարեփոխումների և կառավարման մոդելի վրա։ Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ հանձնաժողովը փաստացի չի գործում։

Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։

Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում