Գլխավոր Լրահոս

Դե ֆակտո ունի մեղադրյալի կարգավիճակ, բայց դե յուրե չունի․ փաստաբանը՝ Լևոն Քոչարյանի մասին

Դե ֆակտո ունի մեղադրյալի կարգավիճակ, բայց դե յուրե չունի․ փաստաբանը՝ Լևոն Քոչարյանի մասին

Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում իրականացված խուզարկությունն օրինաչափ չէ և կրում է անօրինական բնույթ, քանի որ այն փաստացի քրեական հետապնդման և մերկացնող գործողությունների տրամաբանություն է ունեցել առանց խորհրդարանական անձեռնամխելիության հաղթահարման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ քրեական գործը վերաբերում է նախկինում պաշտոնական լիազորությունների չարաշահմանը, փողերի լվացմանն ու ապօրինի ձեռնարկատիրությանը, որոնց շրջանակում իրավապահները փնտրել են էլեկտրոնային կրիչներ և փաստաթղթեր։ Ալեքսանյանը նշել է, որ խուզարկության արդյունքում հայտնաբերված առարկաները՝ հիմնականում հուշանվերներ, որևէ առնչություն չունեն գործի փաստական հանգամանքների հետ և ապօրինի ծագման հատկանիշներ չեն պարունակում։

«Խոսքը գնում էր էլեկտրոնային կրիչների և փաստաթղթերի մասին, որոնք կարող են գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակել։ Համառոտ ասեմ՝ խոսքը վերաբերում է նախկինում պաշտոնական լիազորությունների չարաշահմանը, փողերի լվացմանը, ապօրինի ձեռնարկատիրությանը, և այդ գործողությունների արդյունքում այնպիսի փաստաթղթերի ու էլեկտրոնային կրիչների կամ սեղագրությունների հայտնաբերմանը, որոնք վկայում են ապօրինի ծագում ունեցող գույքի մասին»,-ասել է Ալեքսանյանը։

Անդրադառնալով իրավական կողմին՝ պաշտպանն ընդգծել է, որ չնայած դե յուրե Լևոն Քոչարյանը չունի պաշտոնական կարգավիճակ, դե ֆակտո նա գտնվում է մեղադրյալի կարգավիճակում։ Ալեքսանյանի խոսքով՝ նման պայմաններում գլխավոր դատախազը պարտավոր էր նախապես դիմել Ազգային ժողով՝ պատգամավորի անձեռնամխելիությունը հաղթահարելու համար։

«Լևոն Քոչարյանը, հանդիսանալով ԱԺ պատգամավոր, օժտված է անձեռնամխելիությամբ, իսկ պատգամավորի անձեռնամխելիությունը կարող է հաղթահարվել ոչ միայն անազատության հետ կապված կամ չկապված գործողությունների կատարման, այլև փաստացի քրեական հետապնդման իրականացման առումով։ Դե յուրե Լևոն Քոչարյանը չունի որևէ պաշտոնական կարգավիճակ, բայց դե ֆակտո ունի մեղադրյալի կարգավիճակ, որովհետև խուզարկության կատարումը ենթադրում է որոնողական և մերկացնող գործողություններ։ Այսինքն՝ այս խուզարկությամբ փորձել են պարզել՝ արդյոք նա իր բնակարանում պահում է ապօրինի գույք կամ միջոցներ, ինչը նշանակում է, որ իրականացվել է փաստացի քրեական հետապնդում։ Դրանից հետևում է, որ Գլխավոր դատախազը մինչև այս գործողությունները կատարելը պետք է գար Ազգային ժողով և համապատասխան միջնորդագիր ներկայացներ անձեռնամխելիությունը հաղթահարելու համար»,- ասել է փաստաբանը։

Խոսելով գործողության ընթացքից՝ Ալեքսանյանը նշել է, որ ագրեսիվ դրսևորումներ չեն եղել, սակայն մտահոգություն է հայտնել տանը մանկահասակ և անչափահաս երեխաների առկայության պայմաններում դիմակավորված անձանց ներգրավման անհրաժեշտության բացակայության մասին։

Այսօր վաղ առավոտյան իրավապահները ներխուժել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարան՝ խուզարկություն իրականացնելու։ Խուզարկությունը տևել է շուրջ 7 ժամ։

Այսօր իրավապահները ներխուժել են նաև Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատուն, նրան ու ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, տարել Հակակոռուպցիոն կոմիտե, որից հետո նրանք ձերբակալվել են։

Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են Քոչարյաններին պատկանող մի շարք ընկերություններ։ Խուզարկություններ են ընթանում նրանց պատկանող ընկերություններում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում