Գլխավոր Լրահոս

Եկեղեցու շուրջ փորձ է արվում ձևավորել արհեստական օրակարգ. Գերագույն հոգևոր խորհուրդ

Եկեղեցու շուրջ փորձ է արվում ձևավորել արհեստական օրակարգ. Գերագույն հոգևոր խորհուրդ

Օգոստոսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի, հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովը։

Ժողովի օրակարգում ընդգրկված են եղել Եկեղեցու վարչական, կանոնական և կարգապահական խնդիրները, ինչպես նաև Եկեղեցու առաքելությանն առնչվող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել Եկեղեցի-պետություն հարաբերություններին և առկա իրավիճակին, որի կապակցությամբ ժողովը հանդես է եկել հայտարարությամբ։

Հայտարարության մեջ Գերագույն հոգևոր խորհուրդն իր խոր ցավն է հայտնում նորակազմ Ազգային ժողովում վերջին օրերին ՔՊ խմբակցության դրսևորած վարքագծի կապակցությամբ՝ այն որակելով անընդունելի։ Խորհրդի գնահատմամբ՝ հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների պայմաններում իշխող ուժը Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում կրկին թիրախավորել է Հայ Առաքելական Եկեղեցին՝ խախտելով Սահմանադրությունը և միջազգայնորեն ամրագրված իրավունքները։ Փաստաթղթի համաձայն՝ նման քաղաքականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է լարվածության խորացմանը և նոր պառակտումների՝ թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում։

Խորհուրդը նշում է, որ իշխանությունները Հայոց Եկեղեցուն ներկայացնում են կեղծ մեղադրանքներ՝ վերջինիս վերագրելով «օտար ազդեցության գործակալի» և «պետություն պետության մեջ» լինելու հատկանիշներ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Արցախի աղոթական հիշատակումը, արցախահայության իրավունքների, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և Բաքվում պատանդառված հայորդիների ազատ արձակման հարցերի բարձրաձայնումը ներկայացվում են որպես «պատերազմի կուսակցության» դիրքորոշում և անվտանգային սպառնալիք։

Ըստ փաստաթղթի՝ Մայր Աթոռի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ ուղղված մեղադրանքներով ու քրեական հետապնդումներով փորձ է արվում արհեստական հիմքեր ստեղծել ներեկեղեցական կյանքին միջամտելու և Հայոց Եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելու համար, ինչը, Խորհրդի գնահատմամբ, ոտնահարում է հավատացյալների կրոնի և խղճի ազատության իրավունքը։

Հայտարարության մեջ շեշտվում է, որ Կառավարությունը սահմանադրական որևէ իրավասություն չունի Եկեղեցու բարենորոգությունը կառավարական ծրագրի մաս դարձնելու կամ եկեղեցականներին պահանջներ ներկայացնելու, իսկ Ազգային ժողովը ներեկեղեցական հարցերի քննարկման պատկան հարթակը չէ։ Խորհրդի դիրքորոշմամբ՝ Եկեղեցու բարենորոգությունը չի կարող իրականացվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով։

Որպես իշխանությունների հակաեկեղեցական մտադրությունների վկայություն՝ հայտարարության մեջ թվարկվում են «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը հանրակրթական դպրոցից, ՀՀ Զինված ուժերում հոգևոր առաջնորդության լուծարումը, քրեակատարողական հիմնարկներում եկեղեցականների հոգևոր ծառայության կասեցումը, ինչպես նաև տույժերի ու տուգանքների կիրառմամբ Եկեղեցուն հավելյալ հարկերի պարտադրումը։

Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրում է, որ Հայոց Եկեղեցու շուրջ փորձ է արվում ձևավորել արհեստական օրակարգ։ Հայտարարությունն ամփոփվում է այն հավաստմամբ, որ Հայ Եկեղեցին, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակելու է առաջնորդվել հայոց պետության և աշխարհասփյուռ հայ ժողովրդի շահերով՝ մնալով ազգային ինքնության պաշտպանն ու միաբանության ջատագովը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում