Գլխավոր Լրահոս

Քոչարյանը, Սարգսյանը, Ծառուկյանն ու Կարապետյանը պետք է պատասխան տան հավասարապես․ Փաշինյան

Քոչարյանը, Սարգսյանը, Ծառուկյանն ու Կարապետյանը պետք է պատասխան տան հավասարապես․ Փաշինյան

«Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը նույն մաֆիայի պարագլուխներ են, և նրանք պետք է պատասխան տան հավասարապես։ Ի՞նչ տեղի ունենա Ռոբերտ Քոչարյանի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, պետք է տեղի ունենա նաև Սամվել Կարապետյանի հետ և Սերժ Սարգսյանի հետ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 27-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։

Վարչապետը տարակուսանք է հայտնել առանձին դատավարական որոշումների վերաբերյալ՝ հարցադրում անելով, թե ինչպես է ստացվում, որ որոշ մարդիկ խիստ պատիժներ են ստանում, մինչդեռ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն արդարացվում են, կամ ինչու է Գագիկ Խաչատրյանի գործով դատական պրոցեսը ձգձգվել մինչև նրա թոշակի անցնելը։

Անդրադառնալով իրավապահ համակարգում առկա տեղեկատվական արտահոսքերին՝ Փաշինյանը զանգվածային ազատումներով է սպառնացել։

Խոսքը վերաբերում է օգոստոսի 25-ին Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տուն՝ ԱԱԾ-ի այցին, որտեղ Քոչարյանի թոռներն իրավապահներին դիմավորել էին «Բարի գալուստ ԱԱԾ» գրությամբ պաստառով։ Նիկոլ Փաշինյանը պահանջել է պարզել, թե իրավապահ համակարգից կոնկրետ ով է նախապես տեղեկացրել Քոչարյաններին ԱԱԾ-ի այցի մասին։

«Ինձ պետք են անուններ և ապացույցներ, եթե այդ անուններն ու ապացույցները չեղավ, ես ուղիղ ասում եմ՝ իրավապահ համակարգի իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու։ Սպառնում եմ, ահավոր սաստիկ ձևի սպառնում եմ, սաստիկ, չէ՛, կատակ չեմ անում»,- ասել է Փաշինյանը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին քարոզարշավի ընթացքում հրապարակայնորեն սպառնացել էր ունեզրկել ընդդիմադիր գործիչ Գագիկ Ծառուկյանին։

Հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանողմի շարք ձեռնարկություններում, ինչից հետո Ծառուկյանը կալանավորվել է։ 

Օգոստոսի 24-ին ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Քոչարյանների ունեցվածքը պետք է վերադարձվի պետությանը, կասկածի տակ դնելով նրան ունեցվածքի ձեռքբերման օրինականությունը։

Հաջորդ օրը Երկրորդ նախագահին և նրա ավագ որդուն իրավապահները տեղափոխել էին Հակակոռուպցիոն կոմիտե։ Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը կալանավորվել են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում