Կեղծ «ներդրումային հարթակ»՝ «Տաշիր» հիմնադրամի անունից

Սոցցանցերում վերջին օրերին տարածվում են ռուսերեն գովազդային տեսանյութեր, որոնցում առաջարկում են ներդրումներ կատարել իբր «Տաշիր» ընկերությունների խմբի ստեղծած հարթակում՝ խոստանալով արագ և բարձր եկամուտներ։
«Մայրաքաղաքից ուսուցչուհին վաստակել է գրեթե 700 հազար դրամ։ Դեռևս մայիսից նա դարձել է «Տաշիր» հիմնադրամի ներդրող, և նրա հաշվին արդեն շուրջ 690 հազար դրամի շահաբաժին է կուտակվել»,- ասվում է տեսանյութերից մեկում։
Վստահություն ներշնչելու համար տեսանյութերում օգտագործվել են նաև հայկական լրատվամիջոցներից վերցված կադրեր։
Սակայն #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք արհեստական բանականությամբ ստեղծված դիփֆեյքեր են։
Իսկ տեսանյութերի իրական նպատակը օգտատերերին կասկածելի հարթակներում ներդրումներ կատարելու դրդելն է կամ նրանց անձնական ու բանկային տվյալները կորզելը։
Հեռուստաընկերությունների կեղծված թողարկումները և Սամվել Կարապետյանի դիփֆեյքը
Տեսանյութերից մեկում, որը ներկայացվում է որպես Հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիքի» լրատվական թողարկումից, հաղորդավար Վլադիմիր Մուշեղյանի կերպարով ստեղծված դիփֆեյքը ռուսերենով հորդորում է շտապել գրանցվել «Տաշիր» հիմնադրամի հարթակում, քանի որ տեղերը սահմանափակ են։ Այնուհետև տեսանյութում հայտնվում է մի կին, որը պնդում է, թե մայիսից դարձել է հիմնադրամի ներդրող և արդեն շուրջ 690 հազար դրամի շահաբաժին է կուտակել։
Իրականում տեսանյութի սկզբնաղբյուրը «Առաջին ալիքի» 2026-ի ապրիլի 29-ի լրատվական թողարկումն է, որտեղ որևէ խոսք չկա ներդրումային հարթակների մասին։
Գովազդվող մեկ այլ տեսանյութում օգտագործվել են «Ազատություն» ռադիոկայանի լրատվական թողարկման հատվածներ։ Հաղորդավար Տաթևիկ Լազարյանի ձայնն ու պատկերը փոփոխվել են։ Դիփֆեյք տեսանյութում նա, իբր, պնդում է, թե Սամվել Կարապետյանը ծրագիրը սահմանափակել է պաշտոնյաների համար։ Տեսանյութում նշվում է, որ այն յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն է տալիս շաբաթական առնվազն 100 հազար դրամ վաստակել։
«Ֆիկտիվ իշխանությունը մեզ չի թելադրի, ես այդպես եմ որոշել, և ժողովուրդը փող է վաստակելու։ Ես իմ փորձով ու կարողությամբ կկիսվեմ իմ ժողովրդի հետ այս ծրագրով, որն ընդամենը 50 000 ներդրում կպահանջի»,- ռուսերենով տեսանյութում իբր ասում է Կարապետյանը։
Սակայն իրականում օգտագործված հատվածը վերցված է Սամվել Կարապետյանի՝ 2026-ի մայիսի 25-ին ընտրողների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթից։ Իրական տեսանյութում նման առաջարկ ընդհանրապես չի հնչել։
Ինչո՞ւ պետք է զգուշանալ նման ներդրումային հարթակներից
Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը #CivilNetCheck-ին հերքեց նման հարթակի գոյությունը։
«Դա իրականության հետ կապ չունի, ակնհայտ դիփֆեյքեր են։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց նմանատիպ ֆեյք գրոհները վերջին շրջանում ավելացել են»,- ասաց Ղահրամանյանը։
Նա նաև հավելեց, որ նման դեպքերը պետք է հայտնվեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։
Այսպիսով, «Տաշիր» հիմնադրամը նման ներդրումային հարթակ չի ստեղծել։ Տարածվող տեսանյութերը կեղծ են, իսկ դրանց նպատակը օգտատերերին կասկածելի հարթակներում ներդրումներ կատարելու դրդելն է կամ անձնական ու բանկային տվյալները կորզելը։
Վստահություն ներշնչելու համար տեսանյութերում օգտագործվել են հայտնի լրատվամիջոցների կադրեր։ Նման հարթակներում ներդրումներ կատարելը ռիսկային է․ որևէ երաշխիք չկա, որ օգտատերը եկամուտ կստանա կամ կկարողանա վերադարձնել փոխանցած գումարը։
Կազմակերպություն
Փաստերի ստուգում
Նելլի Լազարյան
CivilNetCheck










