Եթե Կանադան միանա ԵՄ-ին. The New Yorker-ի անդրադարձը

Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Կանադայի դեմ սրվող առևտրային քաղաքականությունը մի գաղափար է, որը մինչև վերջերս ավելի շատ ակադեմիական շրջանակներում էր քննարկվում։ Այժմ այն տեղափոխել է քաղաքական հիմնական հոսք․ իսկ եթե Կանադան ոչ թե դառնա ԱՄՆ-ի «51-րդ նահանգը», ինչպես ժամանակ առ ժամանակ առաջարկում է Թրամփը, այլ միանա՞ Եվրամիությանը՝ որպես 28-րդ անդամ։
The New Yorker-ի միջազգային քաղաքականության սյունակագիր Իշան Թարուրը գրում է, որ դեռ 2025-ի փետրվարին Վաշինգտոն այցելած կանադացի նախարարները փորձում էին համոզել Թրամփի նոր վարչակազմին, որ երկու երկրների տնտեսությունները չափազանց սերտորեն են փոխկապակած՝ առևտրային պատերազմ սկսելու համար։ Կանադայի այն ժամանակվա նորարարության, գիտության և արդյունաբերության նախարար, ներկայում ֆինանսների նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը շեշտում էր, որ մատակարարման շղթաները տասնամյակներով կառուցվել են փոխադարձ շահի տրամաբանությամբ։
«Եթե ուզում եք Ամերիկայի այդ «ոսկե դարաշրջանի» տեսլականը կյանքի կոչել, եթե ուզում եք ամերիկացիների կյանքն ավելի մատչելի դարձնել, լինել ավելի նորարար և մրցունակ, ապա Կանադան խնդիրը չէ։ Կանադան լուծման մի մասն է»,- ասել էր Շամպայնը։
Սակայն այդ մոտեցումը արդյունք չտվեց։ Թրամփն արդեն այն ժամանակ Կանադային կոչ էր անում դառնալ ԱՄՆ-ի «51-րդ նահանգը», իսկ վարչապետ Ջասթին Թրյուդոյին անվանում էր «նահանգապետ»։ Երբ Թարուրը Շամպայնին պատմել էր եվրոպացի մի դիվանագետի կիսակատակ առաջարկի մասին՝ լարվածության պայմաններում Կանադան կարող է մտածել ԵՄ-ին միանալու մասին, նախարարը ծիծաղել էր, սակայն միաժամանակ ընդունել, որ «խաղի կանոնները փոխվել են»։
Այժմ այդ փոփոխությունն ավելի տեսանելի է։ ԱՄՆ-Կանադա առևտրային բանակցությունների վերջին փուլը ձախողվել է, իսկ Թրամփի վարչակազմը տասնյակ միլիարդավոր դոլարների կանադական ապրանքների, այդ թվում՝ ավտոպահեստամասերի, կաթնամթերքի և նույնիսկ հոկեյի ձողերի նկատմամբ 50 տոկոս մաքսատուրքեր է սահմանել։ Կանադան իր հերթին հայտարարել է ամերիկյան հարյուրավոր ապրանքների նկատմամբ մինչև 50 տոկոս պատասխան մաքսատուրքերի մասին։
«Երբ Միացյալ Նահանգները չափազանց շատ պահանջեցին և չափազանց քիչ առաջարկեցին, մենք ընտրություն կատարեցինք․ մենք ընտրեցինք Կանադան»,- հայտարարել է Շամպայնը։
The New Yorker-ը նշում է, որ առևտրային այս հակամարտությունը տնտեսական վնաս է հասցնելու երկու կողմին էլ, իսկ Կանադայում տասնյակ հազարավոր աշխատատեղեր կարող են վտանգվել։ Թարուրի գնահատմամբ՝ Թրամփի մոտեցման հիմքում երկու երկրների հարաբերությունների սխալ ընկալումն է։ Վաշինգտոնում Կանադային ներկայացնում են որպես ԱՄՆ-ից օգտվող պետություն, թեև կանադացի զինվորականները մասնակցել են Ամերիկայի գլխավորությամբ պատերազմների, իսկ ԱՄՆ-ն Կանադայի հետ առևտրում, եթե հաշվարկից հանվի կանադական նավթը, զգալի դրական հաշվեկշիռ ունի։
Թրամփի հռետորաբանությունը Կանադայում մեծ հակազդեցություն է առաջացրել։ Վերջին հարցման համաձայն՝ կանադացիների 76 տոկոսը պաշտպանել է վարչապետ Մարկ Քարնիի որոշումը՝ դադարեցնել բանակցությունները Վաշինգտոնի հետ։ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը Կանադայից այնպիսի զիջումներ էր պահանջում, որոնք կարող էին վտանգել երկրի ինքնիշխանությունը, արդյունաբերությունը և նույնիսկ ֆրանսերենի ու ֆրանկոֆոն մշակույթի պաշտպանության համակարգը։
«Մենք չենք կարող վերահսկել Վաշինգտոնից փչող փոթորիկը»,- ասել է Քարնին՝ հավելելով, որ Կանադան կարող է «նոր ուղի գծել»՝ ընդլայնելով այլ երկրների հետ առևտրային կապերը։
Ինչու է ԵՄ-ին միանալու գաղափարը գրավիչ
Հենց այստեղ էլ կրկին ի հայտ է գալիս Եվրամիության հարցը։
Դեռ 2025-ի հունվարին The Economist-ը ներկայացրել էր Կանադայի հնարավոր անդամակցության օգտին մի շարք փաստարկներ։ Հսկայական տարածք և բնական ռեսուրսների մեծ պաշարներ ունեցող Կանադան կարող էր լրացնել տարածքով խիտ բնակեցված և ռեսուրսների առումով ավելի սահմանափակ Եվրոպային։ Կանադական սոցիալական պետությունն ու սոցիալ-դեմոկրատական ավանդույթները նույնպես շատ առումներով համահունչ են եվրոպական քաղաքական մոդելին։
Կա նաև անվտանգության գործոնը․ Կանադան ունի հսկայական արկտիկական տարածք, իսկ Արկտիկայում Ռուսաստանի ներկայությունը Եվրոպայի և Կանադայի համար ընդհանուր ռազմավարական խնդիրներ է ստեղծում։ Եվ վերջապես, ավելի սերտ կանադա-եվրոպական դաշինքը կարող է երկու կողմերի համար ապահովագրություն դառնալ ԱՄՆ-ի անկանխատեսելի քաղաքականության դեմ։
Եվրոպական համալսարանի ինստիտուտի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Կալիպսո Նիկոլաիդիսը Կանադայի անդամակցության գաղափարը պաշտպանում է գրեթե երկու տասնամյակ։ Նրա կարծիքով՝ այդ քայլը ԵՄ-ին կարող է դարձնել ավելի լայն և աշխարհագրությամբ ոչ այնքան սահմանափակ միություն՝ հիմնված առաջին հերթին սկզբունքների վրա։
«Եթե աշխարհագրորեն չես կարող փոխել հարևանիդ, փոխիր այն ինստիտուցիոնալ առումով»,- ասում է Նիկոլաիդիսը։
Պորտուգալիայի նախկին քաղաքական գործիչ Բրունո Մասաեշն էլ կարծում է, որ Կանադայի ամբողջական ինքնիշխանությունը կարող է պահանջել ԱՄՆ-ից տնտեսական կտրուկ վերակողմնորոշում։ Միաժամանակ Եվրոպային անհրաժեշտ են հումք և էներգետիկ ռեսուրսներ՝ հուսալի ու երկարաժամկետ պայմաններով, որոնցով հարուստ է Կանադան։
Հոդվածը հիշեցնում է նաև մի փոքր խորհրդանշական հանգամանք․ Եվրոպան և Կանադան, խիստ տեխնիկապես, նույնիսկ ցամաքային սահման ունեն։ Կանադական տարածքի և Դանիային պատկանող Գրենլանդիայի միջև գտնվող փոքրիկ արկտիկական կղզում նրանց սահմանը մոտ մեկ կիլոմետր է։
Կանադացիների գրեթե կեսը կողմ է
ԵՄ-ին միանալու գաղափարն արդեն միայն տեսաբանների քննարկման թեմա չէ։ Մարտին անցկացված հարցման համաձայն՝ կանադացիների գրեթե կեսը կաջակցեր ԵՄ-ին անդամակցելուն, իսկ դեմ էր ընդամենը 28 տոկոսը։
Եվրոպայում նույնպես կան գաղափարին դրական վերաբերվող հայտնի քաղաքական գործիչներ։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն այս տարի Կանադային ներկայացրել է որպես անդամակցության հնարավոր թեկնածու։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն Օտտավայում հայտարարել է, որ Կանադայի անդամակցությունը ԵՄ-ին «դրախտում կնքված ամուսնություն» կլիներ։
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Յոախիմ Շտրայթն էլ քարոզարշավ է սկսել՝ ԵՄ հիմնադիր պայմանագրի այն դրույթը փոխելու համար, ըստ որի անդամակցությունը բաց է միայն «եվրոպական» պետությունների համար։ Գերմանիայի նախկին արտգործնախարար Զիգմար Գաբրիելն ավելի կտրուկ է ձևակերպել․ «Կանադան ավելի եվրոպական է, քան Եվրամիության որոշ անդամներ»։
Ինչու Կանադայի անդամակցությունն առայժմ գրեթե անհնար է
Այս ամենով հանդերձ՝ The New Yorker-ը շեշտում է, որ Կանադան ԵՄ-ին փաստացի անդամակցելուց չափազանց հեռու է։
Եվրամիությունը որևէ պաշտոնական գործընթաց չի սկսել, իսկ Կանադայի կառավարությունը, այդ թվում՝ եվրոպամետ համարվող Մարկ Քարնին, անդամակցության հարց պաշտոնապես չի բարձրացրել։
ԵՄ անդամակցությունը Կանադայից կպահանջեր երկրի օրենսդրության ու կարգավորումների լայնածավալ վերափոխում։ Այն նաև կարող էր առաջացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շատ ավելի մեծ խզում․ անհրաժեշտ կլինի վերանայել գործող առևտրային համաձայնագրերը և ԱՄՆ-Կանադա սահմանին ստեղծել խիստ մաքսային ռեժիմ։
Բացի այդ, Կանադայի անդամակցությունը պետք է վավերացնեն ԵՄ բոլոր 27 երկրները։ Թարուրը նկատում է, որ նրանցից տասը մինչ օրս նույնիսկ չեն վավերացրել Կանադայի և Եվրամիության ազատ առևտրի գործող համաձայնագիրը, թեև այն կիրառվում է արդեն մոտ մեկ տասնամյակ։
Օտտավայի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Թոմաս Ժյունոն Կանադայի ԵՄ անդամակցության հավանականությունը գնահատում է «զրո տոկոս», բայց միաժամանակ կարծում է, որ այդ քննարկումն ինքնին պետք է լուրջ ընդունել։
Եվ հենց սա է, ըստ The New Yorker-ի, պատմության կարևոր մասը․ ոչ այնքան այն, թե Կանադան իրականում կմտնի՞ Եվրամիություն, որքան այն փաստը, որ նման հարցն ընդհանրապես դարձել է քաղաքականորեն քննարկելի։
Կանադան փորձում է դուրս գալ ԱՄՆ-ի ստվերից
Քարնին 2025-ի ընտրություններում հաղթեց՝ օգտվելով Թրամփի նկատմամբ կանադական հասարակության բացասական վերաբերմունքից։ Դրանից հետո նա փորձում է ավելի ինքնուրույն արտաքին քաղաքականություն կառուցել։
Դավոսում Քարնին աշխարհի «միջին տերություններին» կոչ արեց միավորվել և դիմակայել ավելի հզոր պետությունների ճնշմանը՝ ակնհայտորեն ակնարկելով ԱՄՆ-ի մասին։ Նա ակտիվացրեց հարաբերությունները Չինաստանի, Հնդկաստանի, Պարսից ծոցի հարուստ պետությունների և հատկապես Եվրոպայի հետ։
Կանադան վերջերս որոշեց գերմանական ընկերությունից գնել 12 նոր սուզանավ, իսկ առաջիկայում կարող է եվրոպական արտադրողներին տրամադրել նաև պաշտպանական այլ խոշոր պատվերներ՝ աստիճանաբար նվազեցնելով տասնամյակներով ձևավորված կախվածությունը ԱՄՆ-ից։
«Կանադական կողմից Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու իրական ջանք կա, իսկ եվրոպական կողմից՝ դրական արձագանք։ Կարծում եմ՝ այս միտումը շարունակվելու է»,- ասում է Ժյունոն։
The New Yorker-ը գրում է, որ Թրամփի քաղաքականության նկատմամբ դիմադրության հարցում Քարնիի հետ համակարծիք են նույնիսկ նրա ներքաղաքական հակառակորդներից շատերը։ Կանադայում աճում է այն համոզմունքը, որ խոսքը ժամանակավոր տարաձայնության մասին չէ։
Պահպանողական քաղաքական ստրատեգ Քորի Թենեյքն իրավիճակը համեմատում է քրոնիկական հիվանդության հետ․ սա ոչ թե անցողիկ «մրսածություն» է, այլ մի վիճակ, որի հետ Կանադան ստիպված է լինելու երկար ժամանակ ապրել։ Նրա խոսքով՝ աշխարհը մտնում է երկարատև առևտրային պրոտեկցիոնիզմի, ուժի քաղաքականության և միջազգային կարգի վերաձևման փուլ։
Նման մտահոգություններ կան նաև Եվրոպայում։ Իտալիայի նախկին վարչապետ Պաոլո Ջենտիլոնին, լսելով Քարնիի ելույթը, որտեղ Կանադայի վարչապետը խոստացել էր հակադարձել Վաշինգտոնի ճնշմանը, գրել է․ «Ահա այսպիսի ելույթ կուզեի լսել Եվրոպայից»։
Թարուրի եզրահանգմամբ՝ Կանադան և Եվրոպան գուցե նույն քաղաքական ճանապարհով երբեք չգնան։ Բայց ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր իրականության պայմաններում նրանք կարող են միմյանցից սովորել մի բան՝ երբեմն անհրաժեշտ է կարողանալ հեռանալ։
Անձ
Կազմակերպություն
Տեղադրություն











