Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «քանի դեռ ուշ չէ» պետք է հասկանա, որ Իրանի դեմ պատերազմում «խաղի կանոնները փոխվել են»։ Այս մասին Ղալիբաֆը հայտարարել է սեպտեմբերի 6-ին՝ Պարսից ծոցում Իրանի հետ կապված երեք նավթատարների վրա ԱՄՆ-ի հարվածներից մեկ օր անց։
«Այսուհետ Իրանի շահերի և անվտանգության դեմ ցանկացած հարձակում կստանա ավելի արագ, ավելի ծանր և ավելի ցավոտ պատասխան»,- հայտարարել է Ղալիբաֆը։
Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էին, որ հարվածել և ոչնչացրել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված երեք նավթատար նավ։
ԱՄՆ-ի հայտարարության համաձայն՝ թիրախավորված երեք նավերը «ԻՀՊԿ-ին և տարածաշրջանում նրա դաշնակից խմբավորումներին ֆինանսավորող բազմամիլիարդանոց ստվերային ցանցի» մաս են կազմել։
Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի պատրաստվում բանակցել Թեհրանի հետ, քանի դեռ իրանական ուժերը չեն դադարեցրել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումները։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում սկսեցին Իրանի դեմ, որին ի պատասխան Թեհրանը հարվածներ հասցրեց Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին Իրանն ու ԱՄՆ-ն հրադադարի համաձայնության հասան և ակտիվ բանակցություններ սկսեցին, սակայն հուլիսի 10-ին իրավիճակը կրկին սրվեց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց վերսկսել ռազմական գործողությունները։
Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև պարբերաբար փոխադարձ հարվածներ են տեղի ունենում։












