Երկաթուղու կոնցեսիան վաճառելու Փաշինյանի առաջարկը զարմանք է առաջացնում․ Լավրով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկաթուղիների կոնցեսիան Հայաստանին վաճառելու առաջարկը զարմանք և «հույզեր» է առաջացնում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե նման հարցերը հրապարակային դաշտ բերելու փոխարեն պետք է քննարկվեին երկկողմ ձևաչափով։
«Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը... Եթե դրանք առաջացել են, պատմեք ձեր գործընկերոջը, թե ինչ եք մտածում այդ կապակցությամբ: Իսկ դրա փոխարեն հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, թե դրանք ընդհանրապես «իրենց» են, և ընդհանրապես մենք նրանց 2 մլրդ պարտք ենք»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է երկու երկրների փոխվարչապետների միջև առկա շփումների մասին, որտեղ կարող են բարձրացվել հայկական կողմին հետաքրքրող խնդիրները։
«Հասկանում եմ, որ սա, տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից բացի, առաջացնում է մեր քաղաքացիների հույզերը։ Ես բացառություն չեմ»,- ասել է նա։
***
Օգոստոսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներդրողներ կան, որոնք պատրաստ են 400 մլն դոլար հատկացնել Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի համար։
2008-ին ռուսական պետական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերության հետ կնքած պայմանագրով Հայաստանի կառավարությունն իր երկաթուղային ցանցը 30 տարով հանձնել է ՌԺԴ-ի հավատարմագրային կառավարմանը՝ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով:
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական երկաթուղու կառավարման շուրջ ստեղծված իրավիճակում Հայաստանը Ռուսաստանի հետ ձգտում է բացառապես բարեկամական և փոխադարձ ըմբռնման վրա հիմնված լուծման՝ բացառելով միակողմանի կտրուկ քայլերն ու պայմանագրի միակողմանի խզումը:
Փետրվարին վարչապետն իր պատկերացումն էր ներկայացրել երկաթգծի կառավարման մասին, ըստ որի կարող է Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։
Հունվարին Փաշինյանը դիմելով Ռուսաստանին՝ խնդրել էր հրատապության կարգով որոշում կայացնել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածների վերականգնման հարցում։
Հայաստանն ակընկալում է, որ օր առաջ վերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի հատվածում՝ մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ։
Դեկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։










