Գլխավոր Լրահոս

Փաշինյանի խոսույթը անկլավների, էքսկլավների մասին․ ի՞նչ է փոխվել 2021-ից ի վեր

Փաշինյանի խոսույթը անկլավների, էքսկլավների մասին․ ի՞նչ է փոխվել 2021-ից ի վեր

44-օրյա պատերազմից հետո անկլավների և էքսկլավների թեման դարձել է Հայաստանի քաղաքական օրակարգի ամենազգայուն հարցերից մեկը։ Իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները այս հարցի շուրջ պարբերաբար հանրային քննարկումների տեղիք են տալիս։ Վերջին շրջանում թեման կրկին ակտիվացել է։

Հարցը հաճախ է բարձրացվում նաև Ազգային ժողովում։ Ընդդիմադիր պատգամավորները վարչապետ Նիկոլ Փաշինյանից պարզաբանումներ են պահանջում՝ հիշեցնելով Հայաստանի տարածքում անկլավների բացակայության մասին նրա նախկին հայտարարությունները։ Լրագրողներն էլ ճեպազրույցների ընթացքում հարցեր են ուղղում իշխանության ներկայացուցիչներին։

Թեմայի շուրջ ակտիվացած քննարկումների համատեքստում #CivilNetCheck-ը ուսումնասիրել է 2021-ից ի վեր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ պարզելու, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխվել նրա խոսույթը անկլավների և էքսկլավների վերաբերյալ։  

Անկլավն անկլավի դիմաց փոխանակություն, «Արծվաշենի» հակադրում 

2021-ի հունվարին 20-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Փաշինյանին հարցրել էին՝ «արդյոք Տիգրանաշենին սպառնում է Շուռնուխի և Որոտանի ճակատագիրը»։ 

2020-ի պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանային Շուռնուխը բաժանվեց երկու մասի, Շուռնուխի ու Որոտանի որոշ տարածքներ ու բնակելի գույք անցան Ադրբեջանի վերահսկողությանը։ Որոտանը Գորիսին կապող նախկին ճանապարհը ևս անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, գյուղի համար կառուցվեց այլընտրանքային ճանապարհ։ 

Փաշինյանը պատասխանելու փոխարեն արձագանքել էր, թե ինչու ԱԺ-ում որևէ մեկը հարց չի բարձրացնում, թե «Արծվաշեն գյուղի հետ ի՞նչ է լինելու»։  

Արդեն 2021-ի մայիսին՝ համակիրների հետ հանդիպման ժամանակ, Փաշինյանը խոսել էր անկլավային տարածքների հարցի կարգավորման միջազգային պրակտիկայի մասին՝ նշելով, որ դրանք «փոխանակվում են պարիտետային սկզբունքով»։

«Արծվաշենը ձեր տիրապետության տակ է, մնում է ձեր տիրապետության տակ, Տիգրանաշենը մեր տիրապետության տակ է, մնում է մեր տիրապետության տակ։ Բանաձևը մենք առաջարկելու ենք»,- ասել է Փաշինյանը։ 

Այս դիրքորոշումը նա կրկնել էր նաև 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում։ Հունիսի 11-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի տրամաբանությամբ «անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ»։ 

Իրավական հիմքերի բացակայության պնդում

Եթե 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը պարբերաբար պնդում էր, թե անկլավները պետք է փոխանակվեն անկլավների հետ, ապա 2021-ի նոյեմբերից նրա խոսույթում հայտնվեց նաև անկլավների իրավական հիմքերի հարցը։ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում 2021-ի նոյեմբերի 23-ին ասում էր, որ նախ պետք է հասկանալ անկլավների իրավական հիմքերը՝ նշելով, որ «խիստ կասկածում է, որ իրավական հիմքեր կան»։

Իսկ 2022-ի մայիսի 25-ին Փաշինյանն արդեն Ազգային ժողովում հստակ հայտարարեց, որ մինչ այդ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավների գոյություն չէր արձանագրվել։ Փոխարենը, ըստ նրա, արձանագրվել է, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի տարածք է։ 

2023-ի հոկտեմբերին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը կրկին անդրադարձավ անկլավների գոյության իրավական հիմքերին։

«Ով էլ խոսի անկլավների մասին, պետք է սեղանին դնի քարտեզ, որովհետև ինչո՞վ է հիմնավորվում այդ անկլավի գոյությունը».- ասում էր Փաշինյանը: 

Քանի որ անկլավների հարցը բարդ է և ներառում է սահմանների, հասանելիության, սերվիտուտի (այլ պետության տարածքով սահմանափակ անցման կամ օգտվելու իրավունքի), պաշտպանության, զինված ուժերի ու անցման կանոնների հետ կապված մի շարք հարցեր, Փաշինյանը ներկայացրել էր նաև խնդրի հնարավոր լուծման տարբերակներ։ Ըստ նրա՝ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն, և խաղաղության պայմաններում այդ հարցը ևս պետք է լուծվի։ Մյուս տարբերակն այն է, որ կողմերը պայմանավորվեին՝ անկլավները մնում են այն պետությունների տարածքում, որոնցով շրջապատված են։ 

Փաշինյանը քանիցս նաև ասել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց առաջ հայկական կողմը փաստաթղթից հանել է անկլավների և Հայաստանի տարածքով միջանցքի մասին կետերը, և որ Ադրբեջանը պարբերաբար տարբեր ձևաչափերով առաջ է տանում անկլավների թեման։

Անկլավների թեմայի անխուսափելիության ընդունում. երկուստեք հիմքերի ներկայացում

2022-ի հոկտեմբերին Պրահայի հայտարարությամբ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։  

Ալմա-Աթայի հռչակագիրը 1991-ի. դեկտեմբերի 21-ին 11 պետությունների ստորագրած փաստաթուղթն է, որով արձանագրվեց ԽՍՀՄ փլուզումը և իրավահավասար հիմունքներով հիմնադրվեց Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ)։ 

Փաշինյանը 2023-ի նոյեմբերի 23-ին հիշեցրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջակությունը Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի տարածքների հիման վրա։ Ուստի, ըստ նրա, 29,840 քկմ տարածքի մեջ չեն մտնում այն էքսկլավ-անկլավները, որոնք պատկանել են Ադրբեջանին, բայց փոխարենը մտնում է Արծվաշենը, որը պարփակված է Ադրբեջանի տարածքով։ Փաշինյանը նաև ընդգծել էր, որ անկլավների փոխանակման հարցը պայմանագրի թեմա է և պետք է վավերացվի նաև Հայաստանի խորհրդարանի կողմից։

2023-ի հունիսին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը, պատասխանելով հայ համայնքի ներկայացուցչի հարցին, որը Տիգրանաշենն իր խոսքում անվանել էր «Քյարքի», նույնպես օգտագործել է «Քյարքի» անվանումը։  

«Քյարքին» մինչև 1990-ը Տիգրանաշենի նախկին անվանումն էր՝ որպես Նախիջևանի Ինքնավար Հանրապետության՝ Խորհրդային Հայաստանի կազմում գտնվող գյուղ։ 

Փաշինյանն ասել էր, որ եթե իրավական հիմքերի ուսումնասիրությունից պարզվի, որ համապատասխան քարտեզով տարածքը պատկանում է Ադրբեջանին, հայկական կողմը դրա հետ կապված որևէ խնդիր չի տեսնում։ Միաժամանակ նա նշել էր, որ նման անկլավ չկա, որը Հայաստանի համար անլուծելի ճանապարհային խնդիր կստեղծի։ 

«Ենթադրենք մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի քաղաքական մակարդակով, որ այդտեղ եղել է Քյարքի։ Մենք ասում ենք, որ պետք է գնանք իրավական հիմքերը նայենք։ Քաղաքական առումով, եթե պարզվի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք»,- ասում էր Փաշինյանը։ 

Հետագայում Փաշինյանը, հիշատակելով Արծվաշենը, քանիցս նշել է, որ Հայաստանը չի կարող հրաժարվել անլավների թեմայից։

Գտնվեցի՞ն իրավական հիմքերը

2025-ի օգոստոսին լրագրողները Փաշինյանին հիշեցրին նրա հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ադրբեջանական անկլավների գոյության իրավական հիմքեր չկան, և հարցրին՝ արդյոք այդ հիմքերը գտնվել են։ Փաշինյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ ադրբեջանական կողմը խոստացել է ներկայացնել դրանք։ 

«Ես ասել եմ, որ այո՛, այդ պահին մեր ձեռքին իրավական հիմքեր չկան, մեզ ադրբեջանցիներն ասել են՝ իրենք կներկայացնեն իրավական հիմքեր, իրենք էլ կասկածի տակ են դրել տեղ-տեղ Արծվաշենի իրավական հիմքերի առկայությունը»,- պատասխանեց Փաշինյանը։ 

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը 2025-ի նոյեմբերի 7-ին հայտարարեց, որ «Ադրբեջանի չորս անկլավների՝ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քյարքի գյուղի վերադարձի հարցը մշտապես օրակարգում է»։ Ըստ նրա՝ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։ 

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ «սահմանազատման արդյունքում պետք է վերադարձվի Արծվաշենը և մյուս օկուպացված հայկական տարածքները»։

Օրեր անց՝ նոյեմբերի 12-ին, Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ «իրավական հիմքերի ուսումնասիրություն փոխադարձաբար չի եղել»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը 2026-ի հուլիսի 9-ին հայտարարեց, որ կողմերի միջև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց համաձայն` սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ ուղղությամբ, իսկ անկլավային գյուղերին առնչվող հարցերը կստանան իրենց լուծումը։

Հուլիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ անկլավների հարցի լուծման երկու տարբերակ կա՝ տարածքները պահպանում են իրենց դե յուրե պատկանելությունը կամ փոխանակվում են համարժեք տարածքներով։

2026-ի օգոստոսի 20-ին Փաշինյանը կրկին Տիգրանաշենը անվանեց «Քյարքի»։ Նա հստակ նշեց, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին Հայաստանի և Ադրբեջանի տարածքները նկարագրող քարտեզներ կան, և ըստ այդ քարտեզների՝ Տիգրանաշենը Հայաստանի տարածք չէ։ 

1991-ին ընդունված Ալմա-Աթայի հռչակագրով մասնակից պետությունները պարտավորվում էին ճանաչել և հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը։ 

«Հիմա քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է։ Քյարքին Հայաստանի տարածք չի, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չէ։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք»,- լրագրողներին ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ անկլավների հարցի վերաբերյալ «այսօր չունեն ոչ մի պայմանավորվածություն»։ 

Իսկ արդեն 2026-ի օգոստոսի 27-ի Սիվիլնեթի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը ասաց, որ չի խոսել Տիգրանաշենի վերադարձի մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հետ քննարկում չունեն այս պահին։ «Ես վերադարձի մասին չեմ խոսել, ես ընդամենը ասել եմ Քյարքի, ես ասել եմ՝ Քյարքի՝ արձանագրելով, որ կա այդպիսի տարածք»։ 

Այսպիսով, Փաշինյանը ուղիղ չի ասել, որ Տիգրանաշենը պետք է վերադարձվի Ադրբեջանին, սակայն հարցի լուծումը պայմանավորել է իրավական հիմքերի առկայությամբ և դրանց ուսումնասիրության արդյունքներով։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում