Գլխավոր Լրահոս

Հայաստանը ցորենի մատակարարման նոր շուկաներ է ուսումնասիրել. փոխնախարար

Հայաստանը ցորենի մատակարարման նոր շուկաներ է ուսումնասիրել. փոխնախարար

Հայկ Ղազարյան

Հայաստանը ցորենի մատակարարման նոր հնարավորություններ է ուսումնասիրել Ղազախստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլ երկրներից, ՍիվիլՆեթին ասել է Էկոնոմիկայի նախարարի՝ գյուղատնտեսության գծով տեղակալ Արման Խոջոյանը։

Հայաստանը շարունակում է ցորենի պահանջարկի գերակշիռ մասը ապահովել ներմուծմամբ, իսկ ներմուծվող ցորենի շուրջ 99 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Կառավարությունը փորձում է նվազեցնել այդ կախվածությունից բխող ռիսկերը միաժամանակ երկու ուղղությամբ՝ այլընտրանքային մատակարար շուկաներ ու երթուղիներ գտնելով և տեղական արտադրությունն ավելացնելով։

ՍիվիլՆեթի հարցին՝ Ռուսաստանից ներմուծման այլընտրանքային ինչ երկրներ են դիտարկվում, Խոջոյանն ասում է, որ կառավարությունն ուսումնասիրել է Ղազախստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Կանադայի և այլ երկրների շուկաները։

«Մենք ուսումնասիրել ենք այդ երկրների շուկաները արտադրողների ու վաճառողների մակարդակում և ձևավորել հնարավոր մատակարարման շղթաները։ Ամբողջ տեղեկատվությունը փոխանցել ենք ցորեն ներմուծող ընկերություններին։ Տնտեսվարողներն իրենք են որոշում՝ որ երկրից ներմուծեն։ Մենք ուսումնասիրում ենք, ներկայացնում ենք, ինչպես նաև ապաշրջափակում ենք կոմունիկացիաները՝ նոր ենթակառուցվածքներով մատակարարումներ իրականացնելու հնարավորություն ստեղծելով»։

Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում պարենային անվտանգությունը ներառված է անվտանգության քաղաքականության առանձին ուղղությունների շարքում։ Նախատեսվում է նաև վերափոխել ճգնաժամային իրավիճակների համար պարենային պահուստների համակարգը և նվազեցնել արտաքին կախվածությունից բխող ռիսկերը։

Նույն ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքն ավելացնել առնվազն 50 տոկոսով, իսկ հացահատիկի արտադրությունը՝ կրկնապատկել։ Ծրագրում առանձին թիրախավորված չէ ցորենի բերքատվությունը։ Խոջոյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում կառավարության թիրախը կապում է հենց ցորենի արտադրության և մեկ հեկտարից ստացվող բերքի աճի հետ։

«2026-2031 թվականների կառավարության ծրագրում, այո՛, որպես թիրախային ցուցանիշ սահմանված է, որ ցորենի բերքատվությունը պետք է կրկնապատկել։ Վերջին հինգ տարիների ընթացքում, երբ միջինացնում ենք թվերը, տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ Հայաստանում արտադրվել է շուրջ 140-150,000 տոննա ցորեն։ Խոսքը հենց այդ ցուցանիշի կրկնապատկման մասին»,- նշում է Խոջոյանը։

Փոխնախարարի խոսքով՝ կառավարության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցորենի արտադրության առկա ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում։

«Ցորենի արտադրության այսօրվա պոտենցիալն ամբողջությամբ իրացված չէ, և հնարավոր է հեկտարից 2.3 տոննա միջին ցուցանիշը կրկնապատկել։ Դրանից էլ ձևավորվել է կառավարության ծրագրի թիրախը»,- ասում է նա։

Խոջոյանի խոսքով՝ միայն բերքատվության աճը բավարար չի լինելու։ Արտադրության ավելացումը նախատեսվում է ապահովել նաև ցանքատարածքների ընդլայնմամբ և գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմամբ։

«Նպատակը միայն բերքատվությունը բարձրացնելը չէ, այլ նաև ցանքատարածություններն ընդլայնելն ու մոտեցումը փոխելը։ Կտրտված հողատարածքները ցորենի արտադրության արդյունավետության հիմնական խոչընդոտներից են։ Դրա համար նախատեսում ենք ոչ միայն բարելավել սերմերի և գյուղտեխնիկայի որակը, այլև ներգրավել նոր, ավելի խոշոր խաղացողների, որոնք ոլորտին կմոտենան որպես արդյունաբերության։ Այդ նպատակով արդեն մշակվել է գործիքների փաթեթ, որը, հույս ունենք, ավելի գրավիչ կդարձնի ներդրումները»,- ասում է փոխնախարարը։

Արման Խոջոյանը պատասխանում է ՍիվիլՆեթի հացերին
Արման Խոջոյանը պատասխանում է ՍիվիլՆեթի հացերին

Հավաստագրված սերմացուի բաժինը հասել է 57 տոկոսի

Խոջոյանը ցորենի ցածր բերքատվության պատճառների թվում նշում է հողի անալիզի ոչ բավարար կիրառումը, ցանքաշրջանառության անտեսումը և ոչ հավաստագրված սերմացուի լայն օգտագործումը։

Նրա տվյալներով՝ 2025 թվականին աշնանացան ցորենի ցանքատարծությունը կազմել է 47,941 հա, 2026-ին՝ 67,104 հա, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 19163 հեկտարով կամ  40 տոկոսով։ Իսկ ցանքատարածքների 57 տոկոսում արդեն օգտագործվել է հավաստագրված սերմացու, մինչդեռ նախկինում այդ ցուցանիշը 20-25 տոկոս էր։ Ըստ նրա՝ «սա արդեն վարքագծային փոփոխություն է»։

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում հողի անալիզ իրականացնելու բավարար լաբորատոր հնարավորություններ կան, սակայն ֆերմերների մեծ մասը դեռևս չի օգտվում դրանցից։

«Հիմնական խնդիրն իմ կարծիքով այն է, որ մարդիկ չեն կարևորում հողի անալիզի իրականացումը։ Այսօր Հայաստանում առկա են լաբորատոր բավարար կարողություններ, որպեսզի հողի անալիզ արվի և պատշաճ տեղեկատվություն ստացվի»։

Խոջոյանը նշում է, որ կառավարությունը նախատեսում է նաև ընդլայնել ենթակառուցվածքները և դրանք ավելի հասանելի դարձնել մարզերում։

Մեկ այլ խնդիր, ըստ փոխնախարարի, տարիներ շարունակ նույն սերմացուի վերարտադրությունն է։

«Խնդիրն այն է, որ ֆերմերները տարիներով նույն դաշտից առանձնացնում են սերմն ու նորից ցանում։ Արդյունքում մշակվում է արդեն 15-րդ վերարտադրության ցորենը, ինչը բերում է և՛ բերքատվության, և՛ որակի կտրուկ անկման, ու ցորենը պիտանի է դառնում միայն անասնակերի համար»։

Խոջոյանի խոսքով՝ Հայաստան այսօր սերմացու է ներմուծվում նաև Ավստրիայից, և այն օգտագործող տնտեսություններում արձանագրվում է զգալիորեն բարձր բերքատվություն։

«Այսօր մի քանի երկրներից, այդ թվում՝ Ավստրիայից, սերմեր ներմուծվում են Հայաստան։ Այն տնտեսությունները, որոնք օգտագործում են դրանք, արձանագրում են բավականին բարձր բերքատվություն՝ անջրդի պայմաններում միջինում 5 տոննա, իսկ ջրովի պայմաններում՝ 8-9 տոննա»,- ասել է նա։

Արտադրողականությունը, ըստ փոխնախարարի, հնարավոր է բարձրացնել նաև ժամանակակից տեխնիկայի միջոցով: Ըստ որոշ մասնագետների՝ եթե ռուսական ու բելառուսական կոմբայններով բերքահավաքի ժամանակ կորուստը հասնում է 25-40 տոկոսի, ապա ամերիկյան ու եվրոպական արդիական տեխնիկայի դեպքում այն կազմում է ընդամենը 1,5 տոկոս։ Կառավարությունն այժմ առաջարկում է կոմբայններ ձեռք բերել 0 կամ 2 տոկոս լիզինգով, իսկ կոոպերատիվներին կանխավճարի բեռը թեթևացնելու համար տրվում է տեխնիկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 30 տոկոսը։

Խոջոյանի տվյալներով՝ ծրագրով արդեն ձեռք է բերվել 25 կոմբայն և ավելի քան 2,000 տրակտոր։

Նա բերում է նաև ժամանակակից կոմբայնի կիրառման օրինակ։

«Մի հետաքրքիր փաստ պատմեմ․ ֆերմերներից մեկը, որը John Deere էր ձեռք բերել, դաշտում զուգահեռ վարում էր նոր ու հին կոմբայնները։ Թռչունները թռչում էին միայն հին կոմբայնի հետևից, որովհետև այնտեղ թափված հացահատիկի տեսքով կորուստ կար, և թռչունները սնվում էին։ Իսկ նոր կոմբայնի հետևից չէին թռչում։ Դա տեսողականորեն ցույց է տալիս, որ նոր տեխնիկայով կորուստները գրեթե զրոյական են»։

Նոր երթուղիներ՝ այլընտրանքային մատակարարումների համար

Խոջոյանը հատկապես կարևորում է Ղազախստանից երկաթուղով ցորենի փորձնական մատակարարումը՝ այն բնորոշելով որպես նոր երթուղու ձևավորում։ Սակայն Ղազախստանից գործող երկաթուղային երթուղին Ռուսաստանի, ապա Ադրբեջանի տարածքով է անցնում։

Հարցին՝ Ռուսաստանի հետ խնդիրների դեպքում դա որքանով կարող է համարվել իրական այլընտրանք, փոխնախարարը նշում է Թուրքիայի և Վրաստանի ուղղությամբ երկաթուղային, ինչպես նաև ծովային հնարավորությունները։

«Այսօր խոսում ենք երկաթուղու մասին, որը գալիս է Թուրքիայի և Վրաստանի ուղղությամբ։ Խոսում ենք նաև նավերով ջրային մատակարարումների մասին, որոնք կարող են գալ Ուկրաինայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Կանադայից։ Մատակարարող երկրների թիվը բավականին լայն է»։

Նրա խոսքով՝ նոր երթուղիների ստեղծումը կարող է փոխել նաև տարբեր երկրներից ներմուծման տնտեսական նպատակահարմարությունը։

«Երբ Հայաստանը ստեղծում է նոր երթուղիներ, դա հնարավորություն է տալիս, որ նախկինում չդիտարկված երկրներից մատակարարումները դառնան ավելի շահեկան և արագ»,- ասում է փոխնախարարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում