Գլխավոր Լրահոս

Դեսպանաժողովի մասնակիցներն այցելել են հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետ

Դեսպանաժողովի մասնակիցներն այցելել են հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները օգոստոսի 30-ին այցելել են հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետ, հաղորդում է ԱԳՆ-ն։

Այցը տեղի է ունեցել ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակում, որն այս տարի անցկացվել է Գյումրիում։ Պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Մարգարայում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը դիվանագետներին ներկայացրել է սահմանային անցակետի վերանորոգման և վերազինման ուղղությամբ կատարված աշխատանքները։ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Հակոբյանը նշել է, որ անցակետը պատրաստ է շահագործման։

Հայաստանն ու Թուրքիան տարիներ շարունակ բանակցում են հարաբերությունների կարգավորման և ցամաքային սահմանի բացման շուրջ։ Մարգարայի անցակետը հայկական կողմից նախատեսված է որպես այդ սահմանի հիմնական անցակետերից մեկը։

Մեկ օր առաջ՝ օգոստոսի 29-ին, Գյումրիում շարունակվել էր ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ քննարկվել են Հայաստանի հարաբերությունները հարևանների հետ, գործընկերությունների խորացումը և արտաքին կապերի դիվերսիֆիկացումը, ինչպես նաև տնտեսական բաղադրիչի ընդլայնումը։

Միրզոյանը հայտարարել է, որ տարածաշրջանային փոխկապակցվածության նոր հնարավորությունների պայմաններում Հայաստանը «պատմական հնարավորություն» ունի, իսկ դիվանագիտական ծառայությունը պետք է նպաստի այդ հնարավորությունների իրացմանը։

Նա նաև ասել է, որ նախորդ տարվա դեսպանաժողովի ժամանակ հիմնական շեշտը դրվում էր խաղաղության շարունակական ամրապնդման վրա, մինչդեռ այժմ, կառավարության գնահատմամբ, «խաղաղությունն արդեն իրողություն է»։

Աշխատաժողովում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումները և բազմակողմ հարթակներում Հայաստանի նոր առաջնահերթությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում