«Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել»․ Քոչարյանի ուղերձը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան կալանավայրից արձագանքել է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը՝ իշխանություններին մեղադրելով քաղաքական նպատակներով դատաիրավական համակարգն օգտագործելու և հասարակությունը պառակտելու մեջ։ Այդ ուղերձը օգոստոսի 31-ին հրապարակեց նրա գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Քոչարյանը պնդում է, որ իր նկատմամբ սկսված հերթական քրեական հետապնդումն «աբսուրդային» է և, իր բնորոշմամբ, դրա համար դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակներում։
«Ամբողջությամբ վերցրած, ընդհանրացված խոսքերով՝ որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կամ լիակատար բարոյական դեգրադացիա, կամ իրավական դեբիլիզմ, կամ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում»,- ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ իշխանության մոտեցումն այն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում։
Քոչարյանը նաև հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ «բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացումն է», իսկ դատաիրավական համակարգը, իր գնահատմամբ, «սպասարկում է նրա ֆոբիաները»։
«Մենք կարող ենք կորցնել երկիրը, և, կարծես թե, ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը»,- նշել է երկրորդ նախագահը։
Քոչարյանը իշխանությանը մեղադրել է նաև երկիրը «ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության» մեջ ներքաշելու և այն խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում դնելու համար։
Նա պնդում է, որ իշխանության նպատակն է հասարակությունը պառակտել և ստեղծել «վախի, ատելության, անկարողության և դատապարտվածության մթնոլորտ»։
«Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար»,- հայտարարել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը ոչ միայն «հանձնում է հայկական հողերը», այլև «կոտրում ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում»։
«Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը։
***
Օգոստոսի 27-ի վաղ առավոտյան Հակակոռուպցիոն դատարանը ամբողջությամբ բավարարել էր քննիչի միջնորդությունը և Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել էր օգոստոսի 25-ին։ Նույն օրը իրավապահները խուզարկություններ և այլ քննչական գործողություններ էին իրականացրել Քոչարյանների ընտանիքի ու նրանց հետ կապվող մի շարք ընկերություններում։
Օգոստոսի 26-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր նաև Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։
Քոչարյանների դեմ իրավապահների գործողություններին նախորդել էր օգոստոսի 24-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի միջև տեղի ունեցած սուր բանավեճը։ Փաշինյանը հայտարարել էր, որ Քոչարյանների ունեցվածքը պետք է վերադարձվի պետությանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ քննությամբ տվյալներ են ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահության տարիներին պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել մի շարք արժեքավոր գույքեր։ Քննչական մարմինը հայտնել է նաև կաշառքի, ինչպես նաև գույքերն ու ընկերությունների բաժնեմասերը ընտանիքի անդամների անունով ձևակերպելու ենթադրյալ դեպքերի մասին։
Գլխավոր դատախազությունը Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքներով։









