Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, իրականացվել են նաև խուզարկություններ։
Գլխավոր դատախազությունն էլ հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։ Այն վերաբերում է կաշառք ստանալուն, գումարների վատնմանը, գույքի ապօրինի օտարմանը և գումարի հանցավոր ծագումը քողարկելուն։
Խաչատրյանի փաստաբանական թիմը հրապարակել է նրան բերման ենթարկելու և դատարան ներկայացնելու կադրերը՝ հայտարարելով, որ 71-ամյա նախկին պաշտոնյան «զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքից» և «ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման»։
Փաստաբանների փոխանցմամբ՝ Խաչատրյանի մոտ դեռևս 2015-ին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ, և նրան անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատական միջամտություն, որը, ըստ նրանց, Հայաստանում հնարավոր չէ իրականացնել համապատասխան մասնագետների, գործիքների և տեխնիկական պայմանների բացակայության պատճառով։
«Միայն վերջին երեք ամիսների ընթացքում նա երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների։ Չնայած նրա առողջական ծայրահեղ ծանր վիճակին՝ գործողությունները շարունակվում են օրեր շարունակ՝ պատճառելով ֆիզիկական ծանր տառապանք»,- նշված է փաստաբանական թիմի հայտարարության մեջ։
Գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է՝ Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել քրեական վարույթով որևէ վարութային գործողության նրա մասնակցությանը։










