Գլխավոր Լրահոս

«Զատիկ» կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծելու մեջ․ նախաքննությունն ավարտվել է

«Զատիկ» կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծելու մեջ․ նախաքննությունն ավարտվել է

Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է հաստատությունում շուրջօրյա խնամք ստացող անչափահաս սանին ֆիզիկական բռնության ենթարկելու մեջ։ Նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ Քննչական կոմիտեի՝ դեպքը տեղի է ունեցել 2026-ի օգոստոսի 9-ին։ Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ դաստիարակ Ն.Մ.-ն, քնի համար սահմանված ժամին 2012-ին ծնված սանին միջանցքում տեսնելով, հրելով նրան տեղափոխել է խմբասենյակ։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ այնտեղ, այլ սաների և աշխատակիցների ներկայությամբ, դաստիարակը տևական ժամանակ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել երեխայի գլխին և մարմնի տարբեր հատվածներին։ Ըստ նախաքննության՝ դրա հետևանքով անչափահասին պատճառվել են ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։

Հսկող դատախազի որոշմամբ Ն.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անչափահասին, որն իրենից կախվածության մեջ է գտնվել, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։

Դաստիարակի նկատմամբ որպես խափանման միջոց սկզբում կիրառվել է կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով։

«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնը» գործում է Աշխատանքի և բարեկեցության նախարարության համակարգում և երեխաներին տրամադրում է շուրջօրյա խնամքի ծառայություններ։

2023-ին կենտրոնում երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրների մասին բարձրաձայնել էին դիտորդական խմբի ներկայացուցիչները։ Նրանք հայտնել էին երեխաների նկատմամբ բռնության և նրանց իրավունքների խախտումների մասին։ Նախարարությունը, սակայն, այն ժամանակ հայտարարել էր, որ լրացուցիչ այցի ընթացքում դիտորդների ներկայացրած տեղեկությունները հաստատող ապացույցներ չեն ձեռք բերվել։

Նույն թվականին քրեական գործ էր հարուցվել նաև կենտրոնի պահնորդի նկատմամբ, որը, ըստ Քննչական կոմիտեի, դանակ ցուցադրելով սպանության սպառնալիքներ էր հնչեցրել անչափահաս սաների հասցեին։ Այդ գործով ևս նախաքննությունն ավարտվել էր, և նյութերն ուղարկվել էին դատախազին։

Ն.Մ.-ն համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում