Գլխավոր Լրահոս

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է նոր դատավորի․ երրորդ դատավորն է Վահագն Մելիքյանը

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է նոր դատավորի․ երրորդ դատավորն է Վահագն Մելիքյանը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների վերաբերյալ քրեական գործը սեպտեմբերի 1-ին մակագրվել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ 

Մելիքյանը Շենգավիթի նստավայրի դատավոր է։ Նա այս գործը քննության առնելու համար արդեն երրորդ դատավորն է, որին այն մակագրվել է։

Քրեական վարույթը սկզբում՝ հուլիսի 27-ին, մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։ Հուլիսի 30-ին Մանուկյանը վարույթն ընդունել էր և նախնական դատալսումներ նշանակել օգոստոսի 7-ին, սակայն դատավորը ինքնաբացարկ էր հայտնել։

Մանուկյանն իր ինքնաբացարկը հիմնավորել էր նրանով, որ գործով պաշտպան Արա Զոհրաբյանը 2021-ին ՀՀ փաստաբանական ակադեմիայում նրա ուսանելու ժամանակահատվածում եղել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ և որակավորման հանձնաժողովի նախագահ։ Մանուկյանի խոսքով՝ Զոհրաբյանը նաև մասնակցել էր իր՝ փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու որակավորման քննությանը։

Դատարանը նշել էր, որ այդ հանգամանքները կարող են անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած առաջացնել դատավորի անաչառության վերաբերյալ։

Երկրորդ դատավորը գործը ուղարկեց Երևան

Օգոստոսի 10-ին գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Օգոստոսի 14-ին Ռուշանյանը վարույթն ընդունել էր և նախնական դատալսումները նշանակել օգոստոսի 28-ին։ 

Ռուշանյանը, սակայն, նույն օրը գործն ուղարկել էր Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ տարածքային ընդդատության կանոնների հարցը լուծելու համար։

Դատարանը նշել էր, որ քրեական վարույթի նախաքննությունն իրականացվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում, որի նստավայրը գտնվում է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատական տարածքում։ Այդ հիմքով գործը, ըստ դատավորի, պետք է քննվի Երևանում։

Այսպիսով, Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկից և Սերժ Ռուշանյանի կողմից գործը Երևանի դատարան ուղարկելուց հետո գործը հայտնվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և այժմ մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին։

Ով է դատավոր Վահագն Մելիքյանը

Վահագն Մելիքյանը դատարանի հնաբնակներից է։ Ի տարբերություն Արմավիրի մարզի նախկին երկու դատավորների, Մելիքյանը գործունեությունը սկսել է վաղուց։ Նա 1996-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1996-1999-ին աշխատել է Շենգավիթի ժողովրդական դատարանում՝ որպես դատական կատարածու։ 1999-2004-ին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայությունում՝ որպես առաջատար մասնագետ։ 2004-2019-ին եղել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2019-ին նշանակվել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Ինչի՞ մեջ են մեղադրվում կաթողիկոսն ու եպիսկոպոսները

Քրեական գործով մեղադրյալներն են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ Նաթան արքեպիսկոպոս Օհանիսյանը, Հայկազուն-Վրեժ արքեպիսկոպոս Նաջարյանը, Վահան եպիսկոպոս Հովհաննէսեանը, Էդգար եպիսկոպոս Հակոբյանը, Նելսոն եպիսկոպոս Բաբայանը և Արթուր եպիսկոպոս Հակոբյանը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը խոչընդոտելու համար։ Գործի նյութերում նշվում է, որ մեղադրանքը կապված է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարումն ապահովելու վերաբերյալ որոշման հետ։

Ըստ գործի նյութերի՝ 2026-ի հունվարի 16-ին դատարանը պարտավորեցրել էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և այլ անձանց չխոչընդոտել Արման Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում պաշտոնավարմանը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Որոշմամբ արգելվել էր նաև խոչընդոտել նրա կողմից թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանը և ֆինանսական գործարքների իրականացմանը։

Գործի նյութերում նշվում է, որ դրանից հետո Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է առաջարկել կաթողիկոսին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակել, ինչից հետո Գարեգին Բ-ն նրան կարգալույծ է հռչակել։ Քննչական մարմինը դա գնահատել է որպես դատարանի որոշման և դրա հիման վրա տրված կատարողական թերթի պահանջների կատարմանը խոչընդոտող գործողություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում