Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է։ ՍիվիլՆեթին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Գագիկ Խաչատրյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը բավարարվել է»,- հայտնեց Ավդալյանը։
Նախօրեին համացանցում տեսանյութեր տարածվեցին, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Խաչատրյանին անկողնուց պառկած վիճակում պատգարակող տեղափոխում դատարան։ Տեսանյութում լսվում է, թե ինչպես է Խաչատրյանը, ամենայն հավանականությամբ ցավից, գոռում։
Ավելի վաղ լրավամիջոցները գրել էին, որ ՊԵԿ նախկին նախագահը քաղցկեղով է տառապում և բուժում է ստացել Գերմանիայում: Վերջին տարիներին, սակայն, դատարանն արգելել է նրա ելքը երկրից։
Դատախազությունից հայտնել են, որ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գագիկ Խաչատրյանի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գագիկ Խաչատրյանը հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից):

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտել էին, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում:
Խուզարկություններ իրականացվել են նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։
Գլխավոր դատախազությունից էլ հայտնել են, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։ Այն վերաբերում է կաշառք ստանալուն, գումարների վատնմանը, գույքի ապօրինի օտարմանը և գումարի հանցավոր ծագումը քողարկելուն։
Հունիսին հայտնի դարձավ, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի շրջանակում ՔԿ-ն միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանին կալանավորելու համար: Հակակոռուպցիոն դատարանն այդ միջնորդությունը մերժել էր:
Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել.
193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում,
29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն,
14 շարժական գույք,
շուրջ 1, 451 մլն դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր(շտկված),
շուրջ 147 հազար դոլար ավանդ,
շուրջ 23 մլն 81 հազար դոլարի, 409 մլն 806 հազար դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք,
շուրջ 17 մլրդ 761,5 մլն դրամ:











