Դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքը։ Որոշումը հրապարակվել է նոյեմբերի 5-ին։
Նոյեմբերի 4-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել էր Ծառուկյանի և ևս ութ մեղադրյալների գործով դատաքննությունը։ Հանրային մեղադրող Լիանա Մարկոսյանը միջնորդել էր երեք ամսով երկարաձգել Ծառուկյանի կալանքը։
Մեղադրողը պնդել էր, որ կալանքի հիմքերը չեն վերացել, և ազատության մեջ գտնվելու դեպքում Ծառուկյանը կարող է խոչընդոտել քրեական վարույթին ու միջամտել ապացուցման գործընթացին։ Ըստ Մարկոսյանի՝ այլընտրանքային խափանման միջոցները բավարար չեն այդ ռիսկերը կանխելու համար։
Պաշտպանական կողմը պահանջել էր վերացնել կալանքը կամ կիրառել ավելի մեղմ խափանման միջոց։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հակադարձել էր մեղադրողի փաստարկներին՝ դրանք համարելով ընդհանուր և ոչ բավարար չափով հիմնավորված։
Նոյեմբերի 4-ի դատական նիստում Ծառուկյանը կրկին հերքել էր մեղադրանքները՝ հայտարարելով, որ որևէ հանցանք չի կատարել։
«Ես պատրաստ եմ ցանկացած որոշման։ Խիղճս հանգիստ է, փուչիկները տրաքելու են, սուտ խոսացողները պատասխանատվության են ենթարկվելու, Ծառուկյանն արդարացվելու է»,- ասել էր նա։
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին՝ երկու ամսով։ Սեպտեմբերի 4-ին դատարանը նրա կալանքի ժամկետը երկարաձգել էր ևս երկու ամսով։
Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Քրեական գործը վերաբերում է 2022-2024-ին Հայաստան-Իրան առևտրային և լոգիստիկ համագործակցության շրջանակում իրականացված գործարքներին։
Ըստ նախաքննական մարմնի՝ Ծառուկյանի կազմակերպմամբ գործող խմբի անդամները իրանցի գործընկերների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել, հիմնել համատեղ ընկերություններ, ապա խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակել մոտ 22 մլն դոլարի գույք։ Գործով ինը մեղադրյալներից յոթը Հայաստանի, երկուսը՝ Իրանի քաղաքացիներ են։
Ծառուկյանը հերքում է մեղադրանքը։ Նոյեմբերի 4-ի նիստում նա պնդել էր, որ իրանցի գործարարների հետ համատեղ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ամբողջ գումարը ներդրել է ինքը, իսկ գործընկերները չեն կատարել իրենց պարտավորությունները։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քրեական հետապնդումը քաղաքական է համարում։ Նոյեմբերի 3-ին տարածած հայտարարությունում ԲՀԿ-ն պնդել էր, որ նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, հետևաբար Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելու անհրաժեշտություն այլևս չկա։












