Գլխավոր Լրահոս

Իրավապաշտպանները քննադատում են Գագիկ Խաչատրյանին դատարան տանելու ձևը՝ նրանից $75 մլն-ի բռնագանձման գործի ֆոնին

Իրավապաշտպանները քննադատում են Գագիկ Խաչատրյանին դատարան տանելու ձևը՝ նրանից $75 մլն-ի բռնագանձման գործի ֆոնին

Էլեն Մուրադյան

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին տնից պատգարակով դատարան տեղափոխելու և այդ վիճակում դատական նիստ անցկացնելու կադրերը զայրույթ են հարուցել իրավապաշտպանների շրջանում։

Խաչատրյանը կոռուպցիոն ծանր մեղադրանքներով կալանավորվել է։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պետությունը նրանից և փոխկապակցված անձանցից պահանջում է շուրջ 75 մլն դոլար, 193 անշարժ գույք և փայաբաժիններ 29 իրավաբանական անձում։

Խաչատրյանի փաստաբանների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները նրան անկողնուց պատգարակով դուրս բերում տնից։ Լսվում է, թե ինչպես է Խաչատրյանը, ամենայն հավանականությամբ ցավից, բղավում։

Ավելի ուշ հրապարակված կադրերում նա դատարանի դահլիճում է՝ պատգարակին պառկած։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կադրերը բնորոշել է որպես «սադիզմ առանց սահմանների»։ «Հասարակությունը կարող է դրական կամ բացասական վերաբերմունք ունենալ ցանկացած անձի նկատմամբ, սակայն մարդու հիմնարար իրավունքները պայմանավորված չեն նրա նախկին պաշտոնով, հանրային ընկալմամբ կամ առաջադրված մեղադրանքներով»,- գրել է Ալեքսանյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ դատարանը չպետք է թույլ տար Խաչատրյանի նկատմամբ նման վերաբերմունք։ «Անձին պատգարակի վրա դատարանի դահլիճ բերելը, ու կապ չունի, թե ինչ հարցով, ու դատական նիստ անցկացնելը մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է»,- գրել է Սաքունցը։

MediaLab-ում հրապարակված հոդվածում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրել է, որ Խաչատրյանի՝ դատարանից հրապարակված լուսանկարը պարզապես ծանր տեսարան չէ, այլ մարդու իրավունքների նկատմամբ պետության վերաբերմունքի մասին լրջագույն ահազանգ։

Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի՝ կալանավայրից հրապարակված լուսանկարը, Գագիկ Ծառուկյանին գետնին տապալելու տեսարանը և դատարանի դահլիճում պատգարակի վրա պառկած Գագիկ Խաչատրյանը տարբեր մարդիկ են, որոնք պետք է կանգնեն արդարադատության առաջ։ Սակայն կիրառված մեթոդներն ու տեսողական լեզուն նրանց ներկայացնում են ոչ թե որպես դատավարության սուբյեկտ, այլ որպես «հանրային նվաստացման օբյեկտ»։

«Քրեական հետապնդումը հանրային հաշվեհարդարի իրավունք չի տալիս»,- գրում է Հովհաննիսյանը։

Առողջական վիճակի շուրջ հակադիր պնդումներ

Խաչատրյանի պաշտպանական կողմի պնդմամբ՝ նրա մոտ դեռ 2015-ին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ, նա ունի պարանոցային ողնաշարի հատուկ իմպլանտներ, իսկ տեղափոխումն իրականացվել է կիսագիտակից վիճակում։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Խաչատրյանը քաղցկեղ ունի և բուժում է ստացել Գերմանիայում։ Վերջին տարիներին դատարանն արգելել է նրա ելքը Հայաստանից։

Դատախազությունից, սակայն, հայտնել են, որ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով Խաչատրյանը վիրահատական միջամտության կարիք չի ունեցել։ Ըստ դատախազության՝ վիրահատության հնարավոր անհրաժեշտությունը կարելի է գնահատել ՄՌՏ հետազոտությունից հետո, որից Խաչատրյանը հրաժարվել է։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը սեփական նախաձեռնությամբ սկսել է դեպքի ուսումնասիրություն։ Գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողական հիմնարկ՝ Խաչատրյանի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովմանն առնչվող հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

Պաշտպանի գրասենյակը պարզաբանումներ է պահանջել նաև իրավասու մարմիններից։ Այն հայտնել է, որ իր դիրքորոշումը կներկայացնի այցի արդյունքները և մյուս հանգամանքներն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո։

75 մլն դոլար և 193 անշարժ գույք

Պատգարակով տեղափոխման շուրջ աղմուկը ծավալվում է Խաչատրյանի դեմ հարուցված նոր քրեական հետապնդման և նրա ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործի ֆոնին։

Սեպտեմբերի 2-ին դատարանը բավարարել է Խաչատրյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Նրան մեղսագրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, գումարներ վատնելը, պետական գույքն ապօրինի օտարելը և գումարների հանցավոր ծագումը քողարկելը։

Քննչական գործողություններ են իրականացվել Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել 193 անշարժ գույք։

Դրանց թվում են 46 բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում և 89 անշարժ գույք Կոտայքի մարզում։ Պահանջվում է նաև մասնակցություն 29 իրավաբանական անձում, այդ թվում՝ «Մեգասպորտ» և «Մեգա Ֆուդ» ընկերություններում, ինչպես նաև 14 շարժական գույք։

Դրամական պահանջները ներառում են շուրջ 1,45 մլն դոլարի պարտատոմսեր, մոտ 147,000 դոլար ավանդ, ավելի քան 24 մլն դոլարի փոխառության պահանջի իրավունք և շուրջ 17,76 մլրդ դրամ կամ մոտ 48,7 մլն դրամ։

Դրամական պահանջների ընդհանուր ծավալը հասնում է մոտ 75 մլն դոլարի՝ չհաշված անշարժ ու շարժական գույքի և ընկերություններում մասնակցության հնարավոր արժեքը։

Առանձին վարույթի շրջանակում Հայաստանի և Միացյալ Նահանգների իշխանությունները 2020-ից փորձում են վերադարձնել Խաչատրյանին նախկինում պատկանած՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատան վաճառքից ստացված մոտ 30 մլն դոլարը։ Առանձնատունը 2025-ին վաճառվել է աճուրդով, սակայն գումարի վերադարձի գործընթացը շարունակվում է։

Գագիկ Խաչատրյանը 2008-2014-ին ղեկավարել է Պետական եկամուտների կոմիտեն, իսկ 2014-2016-ին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում