Պատերազմում անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների աջակցությունը կերկարաձգվի

Պետական բյուջեից 7,2 մլն դրամ կուղղվի 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքների սոցիալական աջակցությունը երկարաձգելու նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության՝ սեպտեմբերի 3-ի նիստի ժամանակ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագծով այս աջակցությունը կտրամադրվի ութ ընտանիքի։ Գումարը հատկացվելու է 2026-ի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար։ Ամսական վճարը կազմելու է 300,000 դրամ՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվով։ Դիմում ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2026-ի սեպտեմբերի 20-ը ներառյալ։
Անհրաժեշտ 7,2 մլն դրամը վերաբաշխվելու է պետական բյուջեի ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների միջոցառումից։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխության հետևանքով տարեկան կրճատվելու է նպաստ ստացող ընտանիքների միջին թիվը՝ 13-ով, իսկ նպաստառու անդամների թիվը՝ 25-ով։











