«Ես սրտի օլիգարխ չունեմ». Փաշինյանը՝ Նարեկ Նալբանդյանի մասին

Գևորգ Թոսունյան, Էլեն Մուրադյան
«Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և ընդհանրապես մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Փաշինյանն ասաց, որ հանձնարարել է համապատասխան իրավապահ մարմիններին վարույթներ նախաձեռնել։ Նրա խոսքով՝ եթե հիմնավորվի, որ Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե կապ ունի վարչապետի ընտանիքի հետ, նա «կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները»։
«Եվ եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան՝ ավելի դաժան, քան սովորական ձևերով»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ իր համար զարմանալի է, թե ինչու ամեն անգամ, երբ այդպիսի հրապարակում է լինում, Նալբանդյանը չի հերքում դա։
«Եվ սա մեզ նյարդայնացնում է ահավոր ձևով, և եթե այդ հիմնավորումները բավարար լինեն, որ ինքը փորձում է տպավորություն ստեղծել [վարչապետի ընտանիքի հետ կապ ունենալու], ես ձեզ հավաստիացնում եմ, որ Նարեկ Նալբանդյանը կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները»,- ասել է Փաշինյանը։
Նախօրեին հաղորդվեց, որ Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը ձեռք է բերել հերթական ակտիվը՝ «Հրազդան ցեմենտի գործարանը»։
«Տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտի գործարանը» նոր սեփականատեր ունի։ Այն ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը։ Նարեկ Նալբանդյանը նախատեսում է լայնածավալ ներդրումային ծրագիր»,- ասված է ընկերության ֆեյսբուքյան էջում։
Նալբանդյանի բիզնես ակտիվությունը
Նարեկ Նալբանդյանի բիզնես ակտիվությունը սկսվեց 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո։
Նա բաժնեմասեր ունի մեկ տասնյակի հասնող ընկերություններում, այդ թվում՝ 88 սուպերմարկետների ցանցում։ Նա մի քանի այլ գործարաններ ու հյուրանոցներ է ձեռք բերել։ 2022-ին ՍիվիլՆեթը պարզեց, որ Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը ևս խնդրահարույց հանգամանքներում վաճառվել է Նալբանդյանին։
Հրազդանի ցեմենտի գործարանի մասին
«Հրազդան ցեմենտի գործարանը» հիմնադրվել է 2001-ին՝ գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Լիմիտեդ» ընկերության կողմից։ 2013-ին այս ընկերությունում տեղի ունեցավ սեփականատիրոջ փոփոխություն․ ընդամենը երկու ամսվա կյանք ունեցող «Ցեմենտ Սերվիս» ընկերությունը ստանձնեց գործարանի կառավարումը, իսկ ֆինանսավորումն իրականացնում էր «ՎՏԲ-Հայաստան բանկը»։
Նույն տարվա ընթացքում հայտնի դարձավ, որ ընկերությունը հսկայական պարտքեր է կուտակել։ Հետագայում կառավարությունը փորձեր արեց վերականգնելու գործարանի աշխատանքը՝ պարտքերը ներելու միջոցով, սակայն ապարդյուն։
2017-ից ընկերության դեմ սնանկության գործընթաց սկսվեց։ 2017-ի նոյեմբերի 30-ին դատարանը վճռեց բավարարել դիմումը և «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ն ճանաչել սնանկ։
Հետագայում ընկերությունը վաճառվեց «Ամիօ բանկին»՝ այդ ժամանակ «Հայբիզնեսբանկին», որն էլ 2026-ի օգոստոսի 7-ին հայտարարեց, որ գործարանը վաճառում է աճուրդով։ Աճուրդը նշանակված էր սեպտեմբերի 2-ին։
Փաստորեն, առաջին իսկ աճուրդային փուլում գործարանը վաճառվեց։
Տեղադրություն
Կազմակերպություն










