Մհեր Գրիգորյանի՝ Ալիևի առջև «խոնարհվելու» լուսանկարը կեղծ է

Համացանցում սեպտեմբերի 2-ից լայն տարածում է ստացել լուսանկար, որում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իբրև թե, խոնարհվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև՝ Բիշքեկում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման ժամանակ։
Լուսանկարը տարբեր մեկնաբանություններով սոցիալական ցանցերում տարածել են մի շարք հանրային գործիչներ, լրագրողներ և էջեր։ Հրապարակումներին կից գրվել է, մասնավորապես, «Մեր օրեր», «Առանց մեկնաբանության», «Կտավ՝ «Կզած Մհերը»», ինչպես նաև՝ «Սրա և մյուսների անունները պետք է կզած լինի, ինչպես իրենց էությունը»(1, )։ Լուսանկարը հայտնվել է նաև լրատվամիջոցներում, մասնավորապես՝ Oragir.news-ում և Hraparak.am-ում (ֆեյսբուքյան էջում)։

Սակայն հանդիպման պաշտոնական տեսանյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նման դրվագ չի եղել։ «Փաստերի ստուգման հարթակի» մեր գործընկերները արդեն իսկ անդրադարձել են տարածվող լուսանկարին և պարզել, որ այն կեղծ է։
Ի՞նչ է երևում հանդիպման տեսանյութերում
Օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հայաստանի պատվիրակության կազմում էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը հանդիպման սկզբում ձեռքսեղմումով ողջունում է Ալիևին։
Տարածվող «սկանդալային» լուսանկարը ցածր որակի է և տպավորություն է, որ այն հանդիպման տեսագրությունից առանձնացված կադր է։
Երկու պատվիրակությունների անդամների ձեռքսեղմման հատվածը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։ Տեսանյութում երևում է, որ Ալիևի հետ ձեռքսեղմման պահին Գրիգորյանը մարմնով փոքր-ինչ առաջ է գալիս, սակայն գլուխը չի խոնարհում այնպես, ինչպես պատկերված է տարածվող լուսանկարում։
#CivilNetCheck-ն ուսումնասիրեց նաև ադրբեջանական աղբյուրներում հրապարակված տեսանյութերը։ Baku TV-ի տեսագրությունում նույն ձեռքսեղմման պահը երևում է մեկ այլ անկյունից․ այստեղ ևս տեսանելի է, որ Գրիգորյանը գլուխը չի խոնարհում այնպես, ինչպես ներկայացված է տարածվող լուսանկարում։
Fip.am-ը նաև տարածվող լուսանկարը համադրել էր պաշտոնական տեսանյութի համապատասխան կադրերի հետ՝ ցույց տալով, որ այն չի համապատասխանում իրականությանը և մոլորեցնող է։
Այսպիսով, տարածվող լուսանկարը կեղծ է․ հանդիպման հասանելի տեսագրություններից ոչ մեկում Մհեր Գրիգորյանը Ալիևի առջև այնպես չի խոնարհվում, ինչպես պատկերված է լուսանկարում։
Հատկանշական է, որ այն առաջին տարածողների թվում է նաև քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը օրեր առաջ Բիշքեկում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ մեկ այլ մոլորեցնող պնդում էր արել՝ նշելով, թե միայն այդ հանդիպման ժամանակ են բացակայել Հայաստանի և Ադրբեջանի դրոշները։ Մինչդեռ #CivilNetCheck-ը ցույց էր տվել, որ Ալիևի՝ նույն այցի ընթացքում ունեցած առնվազն երկու այլ հանդիպումների ժամանակ ևս դրոշներ տեղադրված չեն եղել։
Տես՝ Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ
Անի Գրիգորյան
CivilNetCheck










