Եվրոպան 2026-2027 թվականների ձմռանն ընդառաջ բնական գազի պակասի անմիջական վտանգի չի առերեսվում, սակայն հեղուկացված բնական գազից՝ LNG-ից աճող կախվածությունը մեծացնում է գների կտրուկ աճի և տատանողականության ռիսկը։ Այս մասին գրում է ֆրանսիական Petrostrategies ընկերության World Energy Weekly հանդեսը սեպտեմբերի 7-ի համարում՝ վկայակոչելով Sia խորհրդատվական ընկերության փորձագետների գնահատականները։
Սեպտեմբերի 3-ի դրությամբ եվրոպական գազապահեստները լցված էին 65,85 տոկոսով՝ վերջին հինգ տարիների նույն ժամանակահատվածի միջին 80 տոկոսի դիմաց։ Առավել խնդրահարույց է Գերմանիայի վիճակը, որտեղ պահեստները լցված էին ընդամենը 53,67 տոկոսով։
Այդուհանդերձ, Sia-ի էներգետիկ ոլորտի փորձագետներ Սեբաստիեն Զիմերը և Հայթեմ Շուկաթլին կարծում են, որ հիմնական վտանգը ոչ թե ֆիզիկական պակասն է, այլ գնի ռիսկը։
«Հիմնական հետևանքը անվտանգության պաշարի նվազումն է. էներգետիկ համակարգն ավելի կախված է դառնում համաշխարհային LNG շուկայից, եղանակից և նորվեգական գազի հասանելիությունից՝ մեծացնելով առաջիկա ձմռանը բարձր գների և տատանողականության ռիսկը»,- նշում են փորձագետները։
Գազի գները հասել են 2023-ից ի վեր ամենաբարձր մակարդակին
Եվրոպական TTF հենանիշային շուկայում հաջորդ ամսվա մատակարարման գազի պայմանագրի գինը սեպտեմբերի 2-ին հասել է շուրջ 75 եվրոյի մեկ մեգավատտ-ժամի դիմաց՝ ամենաբարձր մակարդակին 2023-ի հունվարից ի վեր։ Հաջորդ օրը այն նվազել է մինչև մոտ 71 եվրո։
Գների աճը մասամբ պայմանավորված է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության և Կատարից մատակարարումների դադարեցման հետ։ Դրանք ուժեղացրել են Եվրոպայի և Ասիայի մրցակցությունը միջազգային շուկայում հասանելի LNG բեռների համար։
Եվրահանձնաժողովը, սակայն, այս փուլում մատակարարումների անվտանգության անմիջական վտանգ չի տեսնում և գնահատում է, որ եվրոպական գազային համակարգը բավականաչափ դիմացկուն է ձմեռն անցնելու համար։
Խնդիրը նաև հավասարաչափ չի տարածվում Եվրոպայում։ Շուկաթլիի խոսքով՝ այն առավելապես կենտրոնացած է հյուսիսարևմտյան Եվրոպայում, հատկապես Գերմանիայում և Նիդեռլանդներում։ Միաժամանակ Ֆրանսիայի գազապահեստները սեպտեմբերի սկզբին լցված էին մոտ 72 տոկոսով, իսկ Իտալիայինը՝ 83 տոկոսով։
Բացի այդ, վերջին տարիներին Եվրոպայում բնական գազի պահանջարկը նվազել է, իսկ շուկան շարունակում է ունակ լինել բարձր գների միջոցով ներգրավելու անհրաժեշտ LNG բեռները։
Ռուսական գազից կախվածությունը փոխարինվել է LNG-ից կախվածությամբ
Ռուսաստանից խողովակաշարային գազի ներմուծման ավարտից հետո եվրոպական գազային համակարգը էականորեն փոխվել է։ Եվրոպան կարողացել է նվազեցնել ռուսական մատակարարումներից կախվածությունը, սակայն դրա դիմաց ավելի մեծ չափով է ապավինում միջազգային LNG շուկային։
«LNG-ն, որը ժամանակին պարզապես տարբերակ և անվտանգության լրացուցիչ պաշար էր, այժմ դարձել է Եվրոպայի մատակարարումների անվտանգության հիմնասյունը»,- ասում է Զիմերը։
Նրա գնահատմամբ՝ ազատականացված եվրոպական շուկայում գինը տեսականորեն կարող է այնքան բարձրանալ, որ անհրաժեշտ LNG բեռները Եվրոպա ուղղվեն նույնիսկ Ասիայի հետ սրված մրցակցության պայմաններում։ Սակայն այդ մեխանիզմն ունի տնտեսական գին։
Բարձր գազի գներն անմիջապես անդրադառնում են սպառողների, հատկապես ձեռնարկությունների ծախսերի վրա և, հետևաբար, կարող են ճնշում գործադրել Եվրոպայի տնտեսության վրա։
Բարձր ընթացիկ գներն ու ձմեռային և ամառային գների հարաբերակցության փոփոխությունը շուկայի մասնակիցներին ավելի քիչ են խրախուսում ձմռանն ընդառաջ գազ ներարկելու պահեստներ։ Դա իր հերթին ավելի է սահմանափակում Եվրոպայի անվտանգության պաշարը, նույնիսկ եթե մատակարարումների ֆիզիկական ճգնաժամ առայժմ չի կանխատեսվում։












