Գլխավոր Լրահոս

2026-ի առաջին կեսին նախկին 20 հազար արտագաղթի փոխարեն 1300-ի դրական սալդո ունենք․ Արփինե Սարգսյան

2026-ի առաջին կեսին նախկին 20 հազար արտագաղթի փոխարեն 1300-ի դրական սալդո ունենք․ Արփինե Սարգսյան

Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացում իրականացվող բարեփոխումները Հայաստանն իր քաղաքացու համար ավելի գրավիչ դարձնելուն են միտված: Այսպես է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն արձագանքում հանրային այն մտահոգություններին, թե Եվրոպական միության հետ վիզաների ազատականացումը կարող է հանգեցնել արտագաղթի նոր ալիքի։

Նախարարը պնդում է, որ Եվրամիության հետ վիզաների ազատականացումը ոչ միայն չի հանգեցնելու արտագաղթի նոր ալիքի, այլ այժմ արդեն արձանագրում է դրական միգրացիոն ցուցանիշներ՝ Հայաստանը «ելքի գոտուց աստիճանաբար վերածվելով մուտքի և տարացման պետության»:

Եվրամիության հետ վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ վարող միակ երկիրն այսօր Հայաստանն է: Երևանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին: Եվրամիության երկրներ առանց վիզա մուտք ունենալու համար Հայաստանը պետք է իրականացնի 74 հենանիշից (benchmark) բաղկացած Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը: Ի թիվս այլ կետերի՝ այդ փաստաթղթի առանցքային պահանջներից է միգրացիոն հոսքերի կանխատեսելիությունը, ինչը հանրային որոշ շրջանակներում Հայաստանից արտագաղթի ահագնացման սպասումներ է առաջացրել:

Արձագանքելով այդ մտահոգություններին, նախարարն ընդգծել է, որ վիզաների երկխոսության շրջանակներում իրականացվող բարեփոխումներն ունեն բոլորովին այլ նպատակակետ:

«Հանրային դաշտում բազմաթիվ խոսակցություններ կան, որ այ սա բերելու է արտագաղթի, դուք այնպես եք անում, որ մարդիկ լքեն Հայաստանի Հանրապետությունը: Բայց սա հակառակի մասին է: Սա Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացու համար ավելի գրավիչ դարձնելու մասին է, որովհետև այն բոլոր կոմպոնենտները, որոնք գործողությունների ծրագրում կան, դրանք միտված են Հայաստանի Հանրապետությունն ավելի ինստիտուցիոնալ ուժեղ պետություն դարձնելու», - նշել է նախարար Սարգսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում:

Ըստ այդմ վիճակագրություն, Արփինե Սարգսյանի խոսքով, արդեն իսկ վկայում է միգրացիոն հոսքերի կտրուկ փոփոխության մասին՝ կոտրելով տասնամյակների արտագաղթի միտումները։ «2025 թվականը բացառիկ տարի է եղել այս առումով, երբ որ քաղաքացիների մուտքի-ելքի սալդոն եղել է դրական, այսինքն՝ ավելի շատ մարդիկ են եկել Հայաստանի Հանրապետություն, քան լքել են Հայաստանի տարածքը»,- նշել է նախարարը` հավելելով, որ այդ արտագաղթը ներգաղթով փոխարինվելու միտումը շարունակվում է նաև 2026-ին:

Եթե նախորդ տարիներին հիմնականում արտագնա աշխատանքով պայմանավորված միայն առաջին կիսամյակում գրանցվում էր մինչև 20,000 մարդու բացասական տարբերություն, ապա 2026-ի առաջին կեսին իրավիճակն գլխիվայր փոխվել է:

«Այս պահի դրությամբ կրկին ունենք դրական տարբերություն ունենք, և 1300-ից շուրջ ավելին է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, քան լքել է կես տարվա կտրվածքով»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ սա լավատեսական հիմքեր է ստեղծում տարեվերջին էլ ավելի բարելավված միգրացիոն պատկեր ունենալու համար:

Իրավիճակի այսպիսի փոփոխությունը, ըստ նախարարի, պայմանավորված է թե՛ երկրում իրականացվող բարեփոխումներով և թե՛ կառավարության որդեգրած խաղաղության օրակարգով: Սարգսյանը շեշտել է, որ այս նոր իրողությունն արտացոլվել է նաև կառավարության ծրագրում. «Հայաստանի Հանրապետությունը ելքի ուղղությունից վերածվել է դեպի մուտքի և տարանցիկ ուղղության, և էստեղ անխուսափելի է ուղղակի միգրացիոն քաղաքականության վերանայումը»:

Նրա համոզմամբ՝ դա դրական ազդակ է թե՛ երկրի քաղաքացիների և թե՛ եվրոպացի գործընկերների համար, որոնք խիստ զգայուն են միգրացիոն ցանկացած ռիսկի նկատմամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում