Օդի ջերմաստիճանը կրկին բարձրանալու է։ Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 32-ից 34 աստիճան, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Սեպտեմբերի 13-ին և 14-ին Հանրապետության ամենատաք գոտիներում, դրանք են Արարատյան դաշտը, Սյունիք հովիտները, Երևանը, ցերեկային ժամերին կունենանք 32-ից 34 աստիճան տաքություն, առաջիկա հինգ օրերին Հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակը»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սուրենյանը։
Սուրենյանի խոսքով՝ հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին երկու օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալի նվազել է։ Այսօրվա դրությամբ օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4-6 աստիճանով:
«Սեպտեմբերի 10-ից սկսած մեր երկիր հարավից արևադարձային լայնություններից կներթափանցեն տաք օդային հոսանքներ, որոնք իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Սեպտեմբերի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության ողջ տարածքում և գիշերային, և ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-ի համեմատ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։












