Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ ուղղությամբ՝ սկսած Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։
Նա նշել է, որ կոնկրետ մանրամասները, ինչպես նաև այս կամ այն բնակավայրերին առնչվող հարցերը քննարկվելու են սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շրջանակում։
«Ինչ վերաբերում է ավելի կոնկրետ մանրամասներին, ապա, բնականաբար, բոլոր հարցերը քննարկվելու են ըստ անհրաժեշտության և համապատասխան ժամանակին, և ակնկալվում է, որ դրանք նույնպես կլուծվեն։ Այս կամ այն բնակավայրերի հետ կապված հարցերը քննարկվելու են սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շրջանակում»,- ասել է Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ անցած ժամանակահատվածում երկու երկրների հանձնաժողովների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, իսկ դրանց գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և հաստատվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։
Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմից սահմանազատման պետական հանձնաժողովի կազմը մնում է անփոփոխ, և այն ղեկավարում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Բայրամովի փոխանցմամբ՝ Հայաստանում համապատասխան հանձնաժողովը նույնպես ղեկավարում է փոխվարչապետը, և երկու կողմերի հանձնաժողովների միջև պարբերաբար անցկացվում են հանդիպումներ ու քննարկումներ։
Օգոստոսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անկլավների և սահմանազատման գործընթացում այս պահին չկա որևէ գործնական պայմանավորվածություն կամ արձանագրություն հարցի լուծման կոնկրետ եղանակի վերաբերյալ։
Անդրադառնալով տարածքային և սահմանային խնդիրներին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է խաղաղություն հաստատեն 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Նրա խոսքով՝ այդ հռչակագրի ընդունման պահին առկա քարտեզներով, որոնցով արդեն սահմանազատում է իրականացվել Կիրանցի հատվածում, Արծվաշենը ներառված է որպես Հայաստանի էքսկլավ, մինչդեռ Քյարքին (Տիգրանաշեն), Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան (Վերին Ոսկեպար) Հայաստանի տարածք չեն, ինչպես նաև գետնի վրա այլ կերպ են արտահայտված որոշ հատվածներ, այդ թվում՝ Վայոց ձորի և Տավուշի մարզերում։












