«TRIPP նախագծի իրականացման տեխնիկական բնութագրերը անպայմանորեն պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ», - այդ մասին նոյեմբերի 18-ին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի իր պաշտոնակից Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսին։
«Հայաստանով անցնող հաղորդուղին [TRIPP]-ը 42-կմ-է, որի ելքն ու մուտքն ընկած է Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Նախագծի իրականացմանը զուգընթաց՝ բնականորեն դրա տեխնիկական պարամետրերն ադրբեջանական կողմի հետ պարտադիր համաձայնեցնելու հարց առաջացավ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ ձեռք էր բերվել համաձայնություն՝ նման համատեղ տեխնիկական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, և նոյեմբերի 6-ին մեկնարկ տրվեց նաև դրա աշխատանքներին»,- հայտարարել է Բայրամովը։
Ըստ Բայրամովի՝ հիմնական տեխնիկական աշխատանքային խմբի աշխատանքը ներառում է տրանսպորտային երկու ուղղություններով՝ ինչպես ավտոմոբիլային ճանապարհի, այնպես էլ երկաթուղու, ինչպես նաև էլեկտրական մալուխի նախագծի տեխնիկական պարամետրերի համադրումը և համաձայնեցումը, ինչպես նաև նախատեսվող աշխատանքների, այսինքն՝ դրանց կապակցումների ապահովումը։
«Կարելի է ասել՝ Ադրբեջանը սեփական տարածքում մոտ է ավտոմոբիլային ու երկաթուղու կառուցման աշխատանքներին։ Իսկ երկաթուղու նախագիծը մինչև Հայաստանի սահման հասցնելու ուղղությամբ աշխատանքներն արագ տեմպերով առաջ են ընթանում, և այդ գործընթացը կավարտվի հաջորդ տարվա սկզբին»,- հայտարարել է Բայրամովը։
Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը Բաքու կատարած այցից հետո ժամանելու է Հայաստան, այդ մասին հաստատել են Հայաստանի արտգործնախարարությունից։ Վերջինս Բաքու կատարած այցի ժամանակ Գերմանիայի առաջնահերթություններից է համարել տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, անվտանգության և կայունության ապահովումը։
Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը քանիցս հայտարարել է, որ ադրբեջանական կողմը «Թրամփի ուղի» նախագծի հարցում մշտական կապի մեջ է Միացյալ Նահանգների գործընկերների հետ։
2025-ի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ ստորագրվեց համատեղ հռչակագիր, որի դրույթներից մեկը վերաբերում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (“Trump Route for International Peace and Prosperity” (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացմանը։ Ծրագրի նպատակն է ապահովել Ադրբեջանի բուն տարածքի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև կապը, որն անցնելու է Հայաստանի հարավային մասով։












