Ադրբեջանն ու Հայաստանը դե-ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով

«Ադրբեջանն ու Հայաստանը դե-ֆակտո հասել են խաղաղության»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերացնել երկու երկրների միջև առկա մնացած խոչընդոտները երկկողմ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։
Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել են Համատեղ հռչակագիր և սկզբնագրել խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
Բայրամովը կարևորել է «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության առաջմղումը, որը, ըստ նրա, հնարավորություն կբացի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության հաստատման համար։
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ՄԱԿ-ի ամբիոնից խոսել էր Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացից և ընդգծել, որ դեռևս չլուծված խնդիրներ կան երկու երկրների միջև: Փաշինյանը մատնանշել է գերիների հարցը, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին։ Ըստ վարչապետի՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն նաև մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը:
Ըստ Փաշինյանի՝ առկա խնդիրները չեն լուծվում նաև ժամանակ առ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի որոշակի շրջանակների, երբեմն պաշտոնական մակարդակում, կոնֆլիկտային խոսույթների պատճառով։











