Հայաստանի կառավարությունը որոշման նախագիծ է մշակել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու և պետականացնելու վերաբերյալ՝ լիցենզիայի դադարեցումից և սեփականատերերի կողմից պետական գնման առաջարկն անպատասխան թողնելուց հետո։ Որոշման նախագիծը սեպտեմբերի 9-ին հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Կառավարությունը Սամվել Կարապետյանի ընտանիքին 380,000 դոլար էր առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համար։
Ըստ փաստաթղթի հիմնավորումների՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռևս 2025-ի նոյեմբերի 17-ի որոշմամբ դադարեցրել էր ՀԷՑ-ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը։ Դրանից հետո՝ 2026-ի փետրվարի 17-ին, կառավարությունը բաժնետերերին ներկայացրել էր բաժնետոմսերը համաձայնեցված կարգով օտարելու առաջարկ, որին սահմանված ժամկետում արձագանք չի ստացվել։
Նախագծով սահմանված է, որ բաժնետոմսերի ձեռքբերողը հանդիսանալու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ օտարման գործընթացը համակարգելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Սեփականության օտարման գործընթացը մեկնարկելու վերջնաժամկետ է սահմանվել 2027-ի մայիսի 1-ը, իսկ բուն օտարման գործընթացը նախատեսվում է իրականացնել 2027-ի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը։
Գործադիրը որոշումը հիմնավորում է ազգային անվտանգության ապահովման, ավելի քան մեկ միլիոն սպառողների անխափան էլեկտրամատակարարման և ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ կայուն պետական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությամբ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունում կիրառվող ժամանակավոր կառավարման միջոցը չի կարող փոխարինել երկարաժամկետ գույքային վերահսկողությանը։
Օտարումն իրականացվելու է նախնական և համարժեք փոխհատուցմամբ։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո նախարարությունը երկու ամսում կազմելու է գույքի նկարագրության արձանագրությունը, որից հետո եռամսյա ժամկետում կազմակերպվելու է բաժնետոմսերի շուկայական արժեքի գնահատումը։ Բաժնետերերը նույնպես իրավունք կունենան ներկայացնելու անկախ գնահատման հաշվետվություն կամ բողոքարկելու արձանագրությունը դատական կարգով։
Համաձայն նախագծին կից ցանկի՝ ՀԷՑ-ն ունի 246,423 հասարակ անվանական բաժնետոմս՝ 20,674,889,700 դրամ ընդհանուր անվանական արժեքով։ Բաժնետոմսերի 69.99 տոկոսը (172,496 հատ, որոնց ձայնի իրավունքը նշված է որպես սառեցված) պատկանում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին, իսկ 30 տոկոսը (73,927 հատ)՝ Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությանը։











