Հայաստանի էներգետիկ համակարգը հեռանկարում կարող է համաժամացվել (սինխրոնիզացվել) եվրոպական էներգետիկ ցանցի հետ՝ Թուրքիայի միջոցով։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ երեքշաբթի երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ներկայում Թուրքիայի և Ադրբեջանի հետ քննարկվում է էներգետիկ համակարգերի փոխկապակցումը, այսպես կոչված, կղզային մեթոդով։
Կոստանյանը նշել է, որ Թուրքիայի էներգետիկ համակարգը եվրոպական էներգետիկ համակարգի մաս է։ Հեռանկարում համակարգերի համաժամացման համար Հայաստանը պետք է իր էներգետիկ համակարգը համապատասխանեցնի եվրոպական չափանիշներին։
«Հենց եվրոպական էներգետիկ ցանցը պիտի այդ համաձայնությունը տա, որ տեղի ունենա սինխրոնիզացիան»,- ասել է փոխնախարարը։
Կոստանյանի խոսքով՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի հետ լրացուցիչ էներգետիկ կապերի ստեղծումը կբարձրացնի Հայաստանի էներգետիկ համակարգի դիմակայունությունը։ Նա հիշեցրել է, որ Վրաստանի և Իրանի հետ այդ ուղղությամբ ծրագրեր արդեն մեկնարկել են։
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն ավելի վաղ Գորիսում քննարկել էին TRIPP նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի հարցը։
Երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին։ Նախագիծը երկաթուղուց և ավտոճանապարհից բացի ներառում է նաև էլեկտրահաղորդման գծերի կառուցում։
Կոստանյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն արդեն պատվիրել է էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ ուսումնասիրություններ, որոնց նախնական արդյունքները հայտնի կդառնան առաջիկա ամիսներին։
Փոխնախարարը չի նշել եվրոպական էներգետիկ ցանցի հետ Հայաստանի համակարգի հնարավոր համաժամացման ժամկետները։












