Հոկտեմբերի 8-ին Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին, հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տվյալ ուղղության համապատասխան տեսակետների շուրջ:
Հատուկ ուշադրություն է դարձվել համապատասխան կառույցների միջև համակարգմանն առնչվող հարցերին և աշխատանքների առաջմղման համար անհրաժեշտ հետագա քայլերին։
Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել օգոստոսի 25-ին Լաչին քաղաքում։ Հանդիպել էին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչները։
Օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության 2026-2031-ի ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով TRIPP նախագծին՝ ընդգծել էր, որ այն ներառելու է ոչ միայն երկաթուղին, այլև խողովակաշարեր, ճանապարհներ, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր։ Վարչապետը շատ հավանական է համարել, որ էլեկտրահաղորդման գծերը կլինեն TRIPP–ի շրջանակներում գործարկված առաջին ենթակառուցվածքը, որովհետև նախ՝ տեխնիկապես համեմատաբար հեշտ է արագ ավարտին հասցնելը, և հետո՝ էլեկտրաէներգիայի աշխարհում աճող պահանջարկը ստիպում է ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանից էլեկտրական էներգիայի արտահանման նախագծերին։












