«Քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկն է», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցազրույցին և հերքելով այն պնդումները, թե հարաբերությունները լարվել են կուսակցությունում ինքնաքննադատություն հնչեցնելու կամ Տավուշի մարզում անտառահատումների թեման բարձրացնելու պատճառով։
Սեպտեմբերի 11-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ վարչապետը պարզաբանել է, որ ՔՊ-ում Սարգսյանի հետ հարաբերությունները լարվել են այլ պատճառներով։
«ՔՊ-ում նրա հետ հարաբերությունները չեն լարվել դրա պատճառով, այլ լարվել են նրա պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, այդ բացահայտումները հիմա արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են հաստատված, քրեական գործեր կան հարուցված», - նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ խնդիրները վերաբերում են ավազի հանքերի ապօրինի շահագործմանը, ապօրինի պետհամարանիշներով շրջելուն և բնապահպանական այլ խախտումների։
Փաշինյանի խոսքով՝ «լարվածությունը առաջացել է այն պատճառով, որ իր սիրելի գործընկերը հենց 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել, և ինքը թույլ չի տվել այդ հավակնությունների զարգացումը»։
«Լարվածությունն առաջացել է այն պատճառով, որ իմ սիրելի գործընկերը հենց 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել, և ես թույլ չեմ տվել այդ հավակնությունների զարգացումը։ Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունների արդյունքում մարդ պետք է հայտնվի բանտում, ով, ես չգիտեմ, ինձ չի հետաքրքրում»,- ասել է Փաշինյանը։












