Գլխավոր Լրահոս

Պակիստանում բանակի ուժեղացումը և Իրանի շուրջ Վաշինգտոնի ռիսկը

Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրը։ Photo: Pakistan Inter-Services Public Relations.

Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրը։ Photo: Pakistan Inter-Services Public Relations.

Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի ձեռքում իշխանության աննախադեպ կենտրոնացումը Պակիստանը չի դարձնում ԱՄՆ-ի ավելի հուսալի գործընկեր՝ հատկապես Իրանի հետ շփումներում. այս մասին է վերլուծություն է հրապարակել ազգային անվտանգության թեմաներով մասնագիտացած ամերիկյան The Cipher Brief կայքը։ Հոդվածի հեղինակ Սիդհանտ Քիշորը պնդում է, որ ներքին անկայունության, միաժամանակ մի քանի զինված հակամարտությունների և նոր արտաքին պարտավորությունների պայմաններում Վաշինգտոնը չպետք է Պակիստանի օգտակարությունը շփոթի նրա հուսալիության հետ։ 

Վաշինգտոնում ֆելդմարշալ Ասիմ Մունիրն ավելի ու ավելի է թվում այն մարդը, որը կարող է Պակիստանը օգտակար դարձնել Միացյալ Նահանգների համար։ Պակիստանը հենց նոր ավելի խորն է ներառել Մունիրին պետական կառույցի ճարտարապետության մեջ. այժմ նա ղեկավարում է օրինականորեն կենտրոնացված հրամանատարական համակարգ, որը տարածվում է սովորական զինված ուժերի, ռազմավարական համակարգերի և վարչապետին ազգային անվտանգության հարցերով տրվող խորհրդի վրա։ Մունիրը, որն այժմ պաշտոնապես պաշտպանության ուժերի հրամանատարն է, անմիջականորեն խոսում է նախագահ Դոնալդ Թրամփի հետ և դարձել է Վաշինգտոնի՝ Թեհրանի հետ շփումների հիմնական խողովակը։

Սակայն Պակիստանի ռազմական հրամանատարության վերջին վերակառուցումը հակառակն է ցույց տալիս։ Սահմանադրության 27-րդ փոփոխությունը, որին հաջորդել է այս ամիս նոր հրամանատարական կառուցվածքը գործարկելու համար ընդունված օրենսդրությունը, աննախադեպ իշխանություն է կենտրոնացրել Մունիրի ձեռքում։ Այդուհանդերձ, նրա բանակը չի կարողանում կայունացնել իրավիճակը Պակիստանի վերահսկողության ներքո գտնվող Քաշմիրի հատվածում, զսպել «Թեհրիք-է Թալիբան Պակիստան» խմբավորմանը և բելուջ զինված ապստամբներին։ Այն նաև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ ստորագրել է փոխադարձ պաշտպանության՝ Մեքքայի համաձայնագիրը և կարող է Պակիստանին ներքաշել հեռավոր ճգնաժամերի մեջ։

Աշխարհի համար Պակիստանին Իրանի հետ բանակցություններում վստահելի միջնորդ դիտարկելը սխալ է թե՛ պահի, թե՛ քաղաքական դատողության առումով, քանի որ պետությունը ներսում դառնում է ավելի ռազմականացված, դիվանագիտորեն՝ ավելի հավակնոտ, իսկ ռազմական առումով՝ ավելի ու ավելի ծանրաբեռնված։

Ֆելդմարշալ՝ պետությունից վեր

Պակիստանում 2025-ի նոյեմբերին ընդունված Սահմանադրության 27-րդ փոփոխությամբ վերացվեց Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահի պաշտոնը և ստեղծվեց պաշտպանության ուժերի հրամանատարի պաշտոնը, որը բանակի հրամանատարի պաշտոնի հետ համատեղ զբաղեցնում է Մունիրը։ Այս ամիս վերակառուցումն ավարտվեց ևս մեկ քայլով, երբ Պակիստանի խորհրդարանն ընդունեց «Պաշտպանության ուժերի մասին» օրենքը և փոփոխություններ կատարեց Ազգային հրամանատարության մարմնի մասին օրենքում՝ ստեղծելով Մունիրի նոր պաշտոնի և շտաբի իրավական հիմքը։ Նոր կառուցվածքը պաշտպանության ուժերի հրամանատարին կենտրոնական դեր է տալիս բոլոր զինված ուժերի օպերատիվ հրամանատարության և համատեղ ռազմական համակարգման գործում։

Նոր օրենքով ցամաքային զորքերը, ռազմածովային և ռազմաօդային ուժերը դրվում են Պաշտպանության ուժերի միասնական շտաբի ենթակայության ներքո, որը ղեկավարում է Մունիրը։ Նա նշանակվում է վարչապետի գլխավոր ռազմական խորհրդական՝ ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով, և իրականացնում է լայն օպերատիվ հրամանատարություն ու վերահսկողություն բոլոր զորատեսակների նկատմամբ։ Նա նաև կադրային լայն լիազորություններ ունի՝ նշանակումների, պաշտոնանկությունների, թոշակի ուղարկելու և ծառայությունը երկարաձգելու հարցերում։

Ազգային հրամանատարության մարմնի մասին օրենքի փոփոխությունները միջուկային և ռազմավարական հրամանատարությունը համապատասխանեցնում են նույն հիերարխիային. պաշտպանության ուժերի հրամանատարի կողքին գործելու է Ազգային ռազմավարական հրամանատարության նոր՝ չորսաստղանի հրամանատարը։ Նշանակությունը դուրս է գալիս զուտ ռազմական կառավարման սահմաններից. Մունիրն այժմ այնպիսի դիրք է զբաղեցնում, որտեղ հատվում են ռազմական հրամանատարությունը, ռազմավարական անվտանգության քաղաքականությունը և արտաքին քաղաքականության վրա ազդեցությունը։

Նա սահմանադրորեն Պակիստանի ոչ նախագահն է, ոչ վարչապետը, սակայն նրան պարզապես զինվորական պաշտոնյա բնութագրելը գնալով ավելի քիչ է արտացոլում քաղաքական իրականությունը։ Պակիստանի քաղաքացիական–ռազմական հարաբերությունների համակարգում իշխանության այսպիսի արմատական կենտրոնացումը կարևոր է Վաշինգտոնի համար, քանի որ Միացյալ Նահանգները Մունիրին անձամբ ավելի ու ավելի է վերաբերվում որպես դիվանագիտական ակտիվի։

Հետևաբար Վաշինգտոնը պետք է հաշվի առնի, որ Իրանի հարցով ցանկացած «պակիստանյան» խողովակ գործնականում անցնում է մեկ հրամանատարական կենտրոնով, որն առաջին հերթին հաշվետու է սեփական ինստիտուցիոնալ շահերին։

Իշխանության կենտրոնացում՝ առանց վերահսկողության

Մունիրի Պակիստանին վստահելի ռազմավարական գործընկեր չհամարելու ամենաուժեղ փաստարկն իրականում հենց երկրի ներսում է։ Զինված ուժերը ձեռք են բերել աննախադեպ ինստիտուցիոնալ իշխանություն, սակայն պետությունը շարունակում է անվտանգային մեծ ճնշման տակ մնալ։

Պակիստանի հակամարտությունների և անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի տվյալներով՝ 2026-ի հուլիսը տարվա ամենամահաբեր ամիսն էր. զինյալների բռնությունների և զինյալների դեմ գործողությունների հետևանքով զոհվել էր 606 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի 112 ծառայող և 401 զինյալ։ Բռնությունը կենտրոնացած է հենց Խայբեր Փախտունխվայում և Բելուջիստանում, որտեղ Պակիստանի բանակը տարիներ շարունակ պայքարում է։

Անվտանգության լրացուցիչ բեռ է ստեղծել նաև Պակիստանի վերահսկողության ներքո գտնվող Քաշմիրի հատվածում բռնությունների վերջին ալիքը։ Ռավալակոտ քաղաքի մերձակա շրջաններում «Միասնական ավամի գործողությունների կոմիտեի» գլխավորած բողոքները սրվեցին այն բանից հետո, երբ իշխանությունները հակաահաբեկչական օրենքներով արգելեցին շարժումը, դադարեցրին բջջային տվյալների և ինտերնետի ծառայությունները և ուժայիններ տեղակայեցին կոմիտեի՝ հունիսի 9-ին կազմակերպած գործադուլից առաջ։

Օգոստոսի 8-ին հրապարակված տեղական իրավապաշտպան կազմակերպության զեկույցի համաձայն՝ այս տարածքում անզեն ցուցարարների դեմ պետության կոշտ ճնշումների ուղղակի հետևանքով առնվազն 89 քաղաքացիական անձ է զոհվել։

Տեղի բնակիչները պահանջում էին էլեկտրաէներգիայի էժանացում այն ջրամբարներից, որոնք հոսանք են արտադրում Պակիստանի համար, քաղաքական ներկայացվածություն, որը չի թուլացվի ոչ բնակիչներին հատկացվող տեղերի հաշվին, և էլիտայի արտոնությունների վերացում։ Պետության պատասխանը մահաբեր ուժի կիրառումն էր, պետական դավաճանության մեղադրանքներով գործերը, տեղաշարժի սահմանափակումներն ու քաղաքացիական կոալիցիայի քրեականացումը, որը նախկինում բողոքի միջոցով սահմանափակ սուբսիդիաներ էր կորզել իշխանություններից։

Դա Բելուջիստանի մոտեցման կիրառումն էր այն տարածքում, որը Պակիստանը միջազգային հանրությանը շարունակում է ներկայացնել որպես «Ազատ Քաշմիր»։ Դա ոչ թե համաձայնություն բերեց, այլ արգելված շարժում, ընդհատակ անցած առաջնորդներ և լեգիտիմության ճգնաժամ այն տարածքում, որը բանակը ռազմավարական թիկունք է համարում։

Եթե Մունիրի նոր հրամանատարական կառուցվածքը պետք է ապահովեր համահունչ կառավարում, ապա Քաշմիրը ցույց է տալիս հակառակը. անվտանգության կառույցը սահմանադրությունն ավելի արագ կարող է վերաշարադրել, քան լուծել առօրյա սոցիալ-տնտեսական պահանջներից ծնված ապստամբությունը։ Բանակը, որը չի կարողանում Մուզաֆարաբադում և Ռավալակոտում իրավունքի պաշտպանության համար անցկացվող բողոքը կառավարել առանց մեծաթիվ զոհերի, այն կառույցը չէ, որին կարելի է վստահել Իրանի հետ նուրբ տարածաշրջանային կարգավորման միջնորդի կամ այսպես կոչված Մեքքայի համաձայնագրի հուսալի գործընկերոջ դեր։

Պակիստանի օգտակարությունը չպետք է շփոթել հուսալիության հետ

ԱՄՆ–Իրան շփումներն արդեն իսկ կախված են բարակ թելից՝ «տնտեսական D-Day»-ի քաղաքականության, Հորմուզի նեղուցի վերահսկողության և Թեհրանի ներսում գործող խմբավորումների վետոյի հնարավորությունների պայմաններում։ Սա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի Պակիստանից. այդ քայլը ռազմավարական առումով չափազանց պարզունակ կլինի։

Պակիստանը միջուկային տերություն է, գտնվում է Իրանի, Աֆղանստանի, Հնդկաստանի և Չինաստանի միջև և դիվանագիտական հասանելիություն ունի իսլամական աշխարհի տարբեր կենտրոններում։ Թեհրանի հետ հաղորդակցվելու նրա կարողությունը կարող է օգտակար լինել, հատկապես երբ ԱՄՆ–Իրան ուղիղ կապերը փակ են։

Սակայն Մունիրի Պակիստանի հետ աշխատելիս Վաշինգտոնը պետք է երեք գործոն օգտագործի՝ օգտակարությունն ու հուսալիությունը տարբերելու համար։

Առաջին, Մունիրի իրավական գերակայությունը հավասարազոր չէ քաղաքական հուսալիության։ Պաշտպանության ուժերի հրամանատարը, որը միաժամանակ բանակի հրամանատար է, վարչապետի գլխավոր խորհրդական և ռազմավարական հրամանատարության համակարգի առանցքային դեմք, Իրանի հարցով ցանկացած գործ կդիտի նաև երկրի ներսում բանակի անփոխարինելիությունը ցույց տալու անհրաժեշտության տեսանկյունից։ Այդ խթանը տանում է դեպի ցուցադրականություն, ոչ թե հանդարտ միջնորդություն։

Երկրորդ, Վաշինգտոնը չի կարող Իսլամաբադի ներքին անվտանգության ձախողումները երկրորդական համարել։ Այն կառույցը, որը Քաշմիրում քաղաքացիական բողոքին արձագանքում է կենդանի կրակով և շարժումն արգելում է որպես ահաբեկչական, նույն կառույցն է, որին կարող են խնդրել Իրանի հետ հարաբերություններում խորհուրդ տալ զսպվածություն և լարվածության նվազեցում։ Պատմությունը ցույց է տալիս, որ լեգիտիմության ճգնաժամի պայմաններում այն նախընտրում է հարկադրանքը։

Երրորդ, Մունիրի հնարավորություններն արդեն իսկ ներգրավված են բազմաթիվ ապստամբությունների դեմ պայքարում։ «Թեհրիք-է Թալիբան Պակիստանի» և բելուջական խմբերի դեմ արշավները պահանջում են ուշադրություն, զինամթերք և մարդկային ռեսուրսներ։ Մեքքայի համաձայնագրի դրույթը ենթադրական արտաքին պարտավորություններ է ավելացնում՝ առանց լրացուցիչ ազատ ռազմական կարողություններ ստեղծելու։

Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Պակիստանը օգնի Իրանի հետ միջնորդության հարցում, այն պետք է Իսլամաբադին գնահատի դիվանագիտության արդյունքներով, ոչ թե Մունիրի՝ Վաշինգտոնում ունեցած անձնական հասանելիությամբ։ Իսկ եթե Վաշինգտոնը ցանկանում է Պակիստանին դիտել որպես անվտանգության գործընկեր, պետք է նայի ֆելդմարշալի ազդեցիկ իշխանությունից այն կողմ, որը տանում է պետության ներսում անկայունության։

Ավելի հզոր պակիստանյան բանակը ինքնաբերաբար չի նշանակում ավելի ուժեղ Պակիստան։ Եվ ավելի ուժեղ Մունիրը ինքնաբերաբար չի նշանակում ԱՄՆ-ի համար ավելի հուսալի գործընկեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում