Սեպտեմբերի 15-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 35 աստիճանի, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Սուրենյանը հայտնել է, որ վերջին հինգ օրերին Հայաստանը գտնվում է հարավից արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք իրենց զարգացմամբ պիկին կհասնեն սեպտեմբերի 15-ին։ Դրա հետևանքով ցերեկային ժամերին Երևանում, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում օդի ջերմաստիճանը կհասնի 33-ից 34, առանձին հատվածներում՝ 35 աստիճանի։
Հանրապետության ողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը ներկայումս կլիմայական նորմայից բարձր է երկուսից չորս աստիճանով։ Մինչև սեպտեմբերի 17-ը ջերմային ֆոնը էապես չի փոխվի, և միայն սեպտեմբերի 18-ին ու 19-ին օդի ջերմաստիճանը Հայաստանում կնվազի ոչ էական՝ մոտ երկուսից չորս աստիճանով։
Սեպտեմբերի 14-ից 17-ը երեկոյան ժամերին առանձին շրջաններում, մասնավորապես Շիրակում, Լոռիում և Տավուշում, սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, իսկ սեպտեմբերի 18-ից 19-ին անձրևներ հնարավոր են նաև կենտրոնական շրջաններում։
Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ սեպտեմբերի 14-ից 19-ը Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է խստորեն պահպանել հրդեհավտանգության կանոնները։











