Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այսօր հայտարարությամբ դատապարտել է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։ Մայր Աթոռի գնահատմամբ՝ Հաջիևը փորձել է ժխտել այդ վանական համալիրների հայկական պատկանելիությունը՝ դրանք ներկայացնելով որպես աղվանական։
«Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ»,– ասվում է հայտարարությունում։
Մայր Աթոռը Հաջիևի հայտարարությունները դիտարկում է Ադրբեջանի իշխանությունների «հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտություն» և նշում, որ նման այցերի նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է։
Հայտարարությունում առանձնահատուկ մտահոգություն է արտահայտվում այն հանգամանքի առնչությամբ, որ, ըստ Մայր Աթոռի, պատմական կեղծիքների տարածմանը ներգրավվում են Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Հերթական այս քարոզչական այցելությունը նպատակ ունի մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Մայր Աթոռը ակնկալում է, որ նրանք գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության և, ինչպես նշվում է հայտարարությունում, «հայատյաց քաղաքականության» նկատմամբ ոտնձգություններին։
Մայր Աթոռը նաև ՀՀ իշխանություններից է պահանջում քայլեր
Հայտարարությամբ հիշեցվում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին բազմիցս բարձրաձայնել է Արցախի բռնի հայաթափումից հետո հայկական պատմական ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականության մասին։
Ըստ այդմ՝ խոսքը հայկական պատմական հուշարձանների յուրացման, սրբավայրերի, խաչքարերի ու գերեզմանոցների ոչնչացման և հայկական ինքնությունը փաստող վավերագրերի վերացման մասին է։
Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի և դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերի։
Վերջում Մայր Աթոռը կոչ է արել բարեկամ պետություններին, միջազգային և ազգային կառույցներին ջանքեր գործադրել հայկական քրիստոնեական ժառանգության հետագա ոչնչացումը և յուրացումը կանխելու համար։
Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ։
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ երկօրյա այցով օրերս գնացել էին Արցախ։ Այցին մասնակցում էին 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կորպուսի 150 ներկայացուցիչներ։
Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դիվանագետներին ներկայացնելով հայկական պատմամշակութային կոթողները (այդ թվում՝ Գանձասարն ու Դադիվանքը) դրանք որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն է կոչել:












