Գլխավոր Լրահոս

«Խաղաղության կամուրջի» հայաստանյան և ադրբեջանական անդամները միմյանց հակասող հայտարարություններ են տարածել

«Խաղաղության կամուրջի» հայաստանյան և ադրբեջանական անդամները միմյանց հակասող հայտարարություններ են տարածել

«Խաղաղության կամուրջի» ադրբեջանական և հայաստանյան խմբերի անդամները սեպտեմբերի 14-ին հանդես են եկել առանձին հայտարարություններով՝ անդրադառնալով սեպտեմբերի 11–12-ին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներ դիվանագետների այցին և Գանձասարի վանական համալիրում հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։

Հայտարարությունների բովանդակությունը, սակայն, էականորեն տարբերվում է, իսկ որոշ դեպքերում նույն նախաձեռնության անդամներն իրար հակադրվում են։

Ադրբեջանական խմբի անդամները այցի վերաբերյալ հայկական արձագանքը բնորոշում են որպես «թշնամական և անընդունելի»։

«Խաղաղության կամուրջ» ադրբեջանական նախաձեռնող խումբը խոր հիասթափություն է հայտնում զանգվածային լրատվամիջոցների թշնամական արձագանքի և Հայաստանում հանրային դիսկուրսի անընդունելի տոնայնության կապակցությամբ։

Ադրբեջանական հայտարարությունը հիմնականում պաշտպանում է դիվանագետների այցը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և մշակութային ժառանգության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումները և քննադատում հայկական արձագանքը։

Նրանք ընդգծում են, որ դիվանագետների այցը Ադրբեջանի ինքնիշխան տարածք չպետք է վեճի առարկա դառնա» իսկ դեսպանների և նրանց երկրների հասցեին քննադատությունը, ըստ իրենց, հակասում է Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչմանը։

Ադրբեջանական կողմը նաև հայտարարում է, որ Ադրբեջանի տարածքում մշակութային ժառանգությունը պատկանում է ադրբեջանցի ժողովրդին և գտնվում է պետության պաշտպանության ներքո։

Չի կարելի թույլ տալ, որ խաղաղ գործընթացը ճնշման ենթարկվի ռևանշիստական ուժերի կողմից, քանի որ դա լրջորեն վտանգի տակ կդներ խաղաղության ճանապարհին հետագա առաջընթացը։ Մենք կոչ ենք անում հայ հասարակությանը պատասխանատու մոտեցում ցուցաբերել այս հարցում և չտրվել նրանց սադրանքներին, ովքեր չար նպատակներ են հետապնդում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ 

Մինչդեռ նույն նախաձեռնության հայաստանյան անդամները իրենց հայտարարությունում խոսում են ոչ թե դիվանագետների այցի իրավաչափության, այլ Գանձասարում հայկական մշակութային ժառանգության ներկայացման շուրջ առաջացած մտահոգությունների մասին։

Հայաստանյան խումբը նշում է, որ վերջին զարգացումները «խորացնում են անվստահությունը» և կարող են լրացուցիչ տարածք ստեղծել նրանց համար, ովքեր պնդում են, թե երկխոսությունն անիմաստ է։

Խաղաղության կառուցումը պահանջում է բարդ և անկեղծ խոսակցություն, միմյանց մտահոգությունների նկատմամբ ուշադրություն և գիտակցված ջանք՝ խուսափելու այնպիսի գործողություններից, որոնք կարող են վերաբացել վերքերը կամ ուժեղացնել թշնամական վերաբերմունքը։

Ուշագրավ է նաև մեկ այլ հակադրություն․ ադրբեջանական կողմը խոսում է «ռևանշիստական ուժերի» կողմից խաղաղ գործընթացը վտանգելու մասին, մինչդեռ հայկական կողմը զգուշացնում է այնպիսի գործողություններից, որոնք կարող են խորացնել թշնամանքը և «վերաբացել վերքերը»։


Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ երկօրյա այցով օրերս գնացել էին Արցախ։ Այցին մասնակցում էին 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կորպուսի 150 ներկայացուցիչներ։

Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դիվանագետներին ներկայացնելով հայկական պատմամշակութային կոթողները (այդ թվում՝ Գանձասարն ու Դադիվանքը) դրանք որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն է կոչել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում