Սահմանադրական դատարանը կքննի վերջին երկու տարում առնվազն մեկ տարի Հայաստանից բացակայած ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկող նոր կարգավորման սահմանադրականությունը։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումից։
Սահմանադրական դատարանի նախագահի սեպտեմբերի 10-ի որոշմամբ գործի դատաքննությունը նշանակվել է դեկտեմբերի 22-ին՝ գրավոր ընթացակարգով։
Գործով զեկուցող է նշանակվել դատավոր Արթուր Վաղարշյանը, իսկ պատասխանող կողմն Ազգային ժողովն է։
Ազգային ժողովի 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավորները դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով 2026-ի հուլիսի 3-ին իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը, որով քվեարկելու իրավունքից զրկվում են ՀՀ այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակների հրապարակումից առաջ վերջին երկու տարվա ընթացքում առնվազն կեսը՝ մեկ տարին, հայրենիքում չեն եղել։
Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի պահանջով Սահմանադրական դատարանը քննելու է, թե արդյոք այս սահմանափակումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
Հուլիսի 3-ին ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որն էապես խստացնում է քվեարկելու պայմանները՝ նպատակ ունենալով բացառել միայն քվեարկության համար արտերկրից Հայաստան զանգվածաբար ժամանելու պրակտիկան:
Արտերկրում ապրող կամ Հայաստանից տևական ժամանակով բացակայող քաղաքացիներն այլևս չեն կարողանա մասնակցել Հայաստանի ընտրություններին, եթե վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում չեն ապրել առնվազն մեկ տարի։
Նոր իրավակարգավորումների համաձայն՝ Ազգային ժողովի ընտրություններին կամ հանրաքվեներին քվեարկելու համար 18 տարին լրացած քաղաքացին պետք է վերջին երկու տարվա (730 օրվա) ընթացքում Հայաստանում փաստացի գտնված լինի 366 և ավելի օր։ Ընդ որում, ընտրության նախաշեմին կամ բուն քվեարկության օրը երկիր ժամանելը բավարար չէ. ընտրելու իրավունք ստանալու համար քաղաքացին պետք է վերադարձած լինի հերթական ընտրություններից առնվազն 48 օր, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28 օր առաջ:











