Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց համայնքների խոշորացման մասին օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է շարունակել համայնքների խոշորացման գործընթացը շրջանային մոդելով՝ միավորելով Արարատի մարզի Արարատ ու Վեդի, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր ու Փամբակ համայնքները։ Խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց նախագծին։
Այս փոփոխությունների արդյունքում բազմաբնակավայր համայնքների թիվը կդառնա 55, իսկ ընդհանուր համայնքների թիվը՝ 62։ Գործընթացը հիմնավորվում է շրջանային մոդելի առավելություններով, որոնք ապահովում են կառավարման արդյունավետության բարձրացում, ռեսուրսների կենտրոնացում, վարչական ծախսերի օպտիմալացում և տնտեսական զարգացման խթանում։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գնահատմամբ՝ խոշորացման գործընթացը չունի արդյունավետության որևէ չափորոշիչ և պայմանավորված է միայն քաղաքական նպատակահարմարությամբ։ Նա նշել է, որ օրենսդրական փաթեթով փոխվում են ընտրությունների ժամկետները և երկարաձգվում նախկին կազմի լիազորությունները, ինչը, ըստ նրա, հակասահմանադրական է և ուղղված է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության դեմ։
Նոր ձևավորվող խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2027-ին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված օրերին, ընդ որում՝ մինչև նորընտիր մարմինների լիազորությունների ստանձնումը նախորդ գումարման տեղական ինքնակառավարման մարմինները կշարունակեն պահպանել իրենց լիազորությունները։











