Գանձասար այցից հետո խոսել եմ Հաջիևի հետ․ Ալեն Սիմոնյան

«Ես կապի մեջ եմ Հիքմեթ Հաջիևի հետ, ինքն ունի իմ հեռախոսահամարը, ես՝ իր հեռախոսահամարը։ Երկու օրը մեկ խոսում ենք։ Գանձասարի այսից հետո էլ ենք խոսել»,- այս մասին լրագրողներին հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը հրաժարվել է մանրամասներ հայտնել հեռախոսազրույցից, փոխարենը Հաջիևին փոխանցած իր այլ մտահոգություններից է հայտնել։
«Ես ուրիշ մտահոգություններ էի նաև արտահայտում, որ պետք է ամեն ինչ արվի, որ պրոցեսին հանկարծակի նման դեպքերը չխանգարեն»,- նշել է Սիմոնյանը։
Լրագրողի հարցին, արդյոք Անվտանգության խորհուրդը պատրաստվում է արձագանքել Հիքմեթ Հաջիևին, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ արդեն ամեն ինչ ասված է, և միշտ չէ, որ Բաքվից հնչող բոլոր հայտարարությունները պիտի արձագանք ստանան։
«Պետք է գիտակցենք, դա ինչ-որ բան փոխելու է․․․ ես կարող եմ հիմա մի հատ սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքեմ, մենք բոլորս 15 րոպե մեզ լավ զգանք, բայց բանակցություններին ես դրանով վնաս տամ։ Մենք արդեն ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվենք և սա այն դեպքն է, երբ այդ խնամքը պետք է ի ցույց դնել», - ասել է ԱԽ քարտուղարը։
Սեպտեմբերի 11-12-ը Ադրբեջանում հավատարմագրված տասնյակ դիվանագետներ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցելել էին հայաթափված Արցախ։
Այցի ընթացքում Հաջիևը դիվանագետներին ներկայացնելով հայկական պատմամշակութային կոթողները (այդ թվում՝ Գանձասարն ու Դադիվանքը) դրանք որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն է կոչել:
Հիքմեթ Հաջիևը Գանձասարի Մատենադարանի ցուցասրահում դիվանագետներին ցուցադրել էր, իբրև թե, հին հայկական գիրքերը: Բացելով ձեռագրերի մակետները, նա դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարակ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:











