Քաղաքացիները կկարողանան եկամտահարկի մի մասն ուղղել լրատվամիջոցներին

Սիրանուշ Ադամյան
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով ֆիզիկական անձինք կարող են հնարավորություն ստանալ իրենց հաշվարկված կամ վճարած եկամտային հարկի մի մասն ուղղել լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին։
Նախագիծը պետք է ներկայացվի Ազգային ժողով։ Այն ընդունվելու դեպքում կգործի 2026-ի և հաջորդ հարկային տարիների եկամտային հարկի մասով։
Ֆինանսների նախարարության առաջարկով՝ լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ուղղվող գումարները կդիտարկվեն որպես սոցիալական ծախսերի նոր տեսակ։ Նույն կարգավիճակը նախատեսվում է նաև հասարակական կազմակերպություններին և կուսակցություններին հատկացվող միջոցների համար։
Խոսքը սովորական նվիրատվության և դրա հետագա հարկային վերադարձի մասին չէ։ Նախագիծը նախատեսում է, որ քաղաքացին տարեկան եկամտային հարկի հայտարարագիրը ներկայացնելիս կարող է իր հաշվարկված կամ վճարված եկամտային հարկից անհատույց հատկացում անել համապատասխան կազմակերպությանը։
Հարկային օրենսգրքի գործող կարգավորումը սոցիալական ծախսերի շրջանակում նախատեսում է առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության նպատակով կատարված ծախսերի փոխհատուցում։ Նոր նախագծով առաջարկվում է «փոխհատուցում (վերադարձ)» ձևակերպմանը ավելացնել նաև «հատկացում» հասկացությունը։
Թե եկամտային հարկի որքան մասն է քաղաքացին կարողանալու ուղղել լրատվամիջոցներին, օրենքի նախագծում նշված չէ։ Նախագծով այդ առավելագույն չափը պետք է սահմանի կառավարությունը։
Հանրային քննարկման ընթացքում ֆինանսների նախարարությունը, արձագանքելով առաջարկներից մեկին, նշել է, որ դիտարկվում է հաշվարկված հարկի որոշակի տոկոսի հասցեագրման մոտեցումը՝ 1 տոկոսը բերելով որպես օրինակ։ Սակայն նախարարությունը նաև ասել է, որ վերջնական չափը պետք է քննարկվի կառավարության համապատասխան որոշման նախագիծը մշակելիս՝ հաշվի առնելով պետական բյուջեի հնարավորությունները։
Կառավարությունը պետք է սահմանի նաև, թե որ լրատվամիջոցներն են համարվելու շահառու, ինչ չափանիշներ են նրանց ներկայացվելու, ինչպես են փոխանցվելու ու հրապարակվելու տվյալները և ինչպես է փաստաթղթավորվելու հատկացումը։ Ֆինանսների նախարարության պատասխանի համաձայն՝ կառավարությունը չի կազմելու առանձին լրատվամիջոցների անվանական ցանկ, այլ պետք է սահմանի շահառուների շրջանակն ու նրանց ներկայացվող չափանիշները։
Ֆինանսների նախարարության հիմնավորման մեջ ասվում է, որ լրատվամիջոցների կայուն և շարունակական գործունեությունը կարևոր է ազատ և անկողմնակալ խոսքի զարգացման համար։ Նախարարությունը նաև նշում է, որ Հայաստանում լրատվամիջոցներին ֆիզիկական անձանց կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ դեռ ձևավորված չեն։
Նախագծի ընդունումից հետո կառավարությունը երեք ամսվա ընթացքում պետք է ընդունի դրա կիրառման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը։











