Կառավարությունը ՍԴ դատավորների ստաժային հավելավճարների համար 39 մլն դրամ կհատկացնի

Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից շուրջ 39 մլն դրամ կհատկացնի Սահմանադրական դատարանին՝ դատավորներին հավելավճար տալու համար։ Համապատասխան օրենքի նախագիծն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստին։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատանքային ստաժի հավելավճարները սահմանվել են օրենսդրական փոփոխություններով: Սահմանվել են դատավորների ստաժային հավելավճարներ՝ պաշտոնավարման երկրորդ տարում 20 տոկոսի, երրորդ տարում՝ 35 տոկոսի, իսկ չորրորդ տարվանից սկսած յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդի համեմատ 10 տոկոս ավել չափով։ Հաշվարկի համար հաշվի են առնվել օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ առկա աշխատած լրիվ տարիները։
Գումարն ուղղվելու է Սահմանադրական դատարանի գործունեության և սահմանադրական արդարադատության ապահովման ծրագրին:











