Գլխավոր Լրահոս

Պետական համակարգում աշխատավարձերը կբարձրանան․ կառավարությունը նախագիծ ընդունեց

Պետական համակարգում աշխատավարձերը կբարձրանան․ կառավարությունը նախագիծ ընդունեց

Կառավարությունը սեպտեմբերի 17-ին հավանություն տվեց պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի փոփոխություններին։ Նախագծով առաջարկվում է վերանայել հիմնական աշխատավարձերի հաշվարկման գործակիցները և ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ։ Այս փաթեթը ուղարկվեց Ազգային ժողովի հաստատմանը։

Փոփոխությունները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027-ի հունվարի 1-ից։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ 2027-ի համար պետական բյուջեից կպահանջվի շուրջ 30 մլրդ դրամ լրացուցիչ միջոց։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ՝ նոր համակարգում վարձատրությունը ավելի մեծ չափով կապվելու է աշխատողի կատարողականի հետ։ Նրա խոսքով՝ նախարարություններում մասնագիտական պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների միջին ամսական աշխատավարձը ներկայում 250-350 հազար դրամի միջակայքում է։

«Այս փոփոխության արդյունքում, եթե գրանցվեն 80 և ավելի բարձր տոկոս կատարողական արդյունքներ, այսինքն՝ լավ և ավելի լավ, այդ մարդկանց աշխատավարձը կգտնվի 450-500 հազար դրամի միջակայքում։ Բաժնի պետերը, որոնք գործող համակարգում վճարվում էին ամսական մինչև 400 հազար դրամ, կարող են այս կարգավորումների արդյունքում իրենց լրավճարների հետ միասին ստանալ մինչև 740 հազար դրամ։ Վարչության պետի պաշտոն զբաղեցնող անձինք կարող են այսօրվա եղած համակարգում, միջինը, նորից ուզում եմ ասել, որովհետև այնտեղ նույնպես առանձնահատկություններ կան, 520-550 հազար դրամի դիմաց վարձատրություն ստանալ մինչև 800-900 հազար դրամ»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այս անձանց կյանքում վարձատրության փոփոխությունները կարող են տատանվել 60-80 տոկոսի սահմաններում։

Ըստ նախագծի՝ կատարողականի գնահատման համար նախատեսվում են քանակապես չափելի և ստուգելի ցուցիչներ, իսկ մարմինների համար՝ ռազմավարական նպատակներ և թիրախային ցուցանիշներ։

Կառավարության հիմնավորման համաձայն՝ նոր համակարգը պետք է պետական ծառայողների վարձատրության չափը կապի ոչ միայն պաշտոնի պատասխանատվության և կոմպետենցիաների, այլև արձանագրված արդյունքների հետ։ Փոփոխությունների հիմքում դրվել է նաև 2025-ի դեկտեմբերից պետական կառավարման առանձին մարմիններում իրականացվող կատարողականի գնահատման պիլոտային համակարգի միջանկյալ գնահատականը։

Նիկոլ Փաշինյանը փոփոխությունները ներկայացրեց որպես պետական համակարգի ուժեղացմանն ուղղված ռազմավարական բարեփոխում։ Նա անդրադարձավ նաև պարգևավճարների շուրջ տարիներ շարունակվող քննադատությանը՝ նշելով, որ նոր համակարգում լրավճարները պետք է հստակ տարանջատվեն հիմնական աշխատավարձից և պայմանավորվեն աշխատանքի արդյունքներով։

«Այս բարեփոխումը չանել նշանակում է Հայաստանի Հանրապետությունը դատապարտել տեղապտույտի վիճակի և Հայաստանի Հանրապետությունում պետական տրամաբանությունը շարունակել ստորադասել կոռուպցիոն տրամաբանությանը»,- ասաց Փաշինյանը։

Խաչատրյանն էլ հավելեց, որ նախագիծը վերաբերում է պետական ծառայության տասնյակ հազարավոր աշխատողների, սակայն չի տարածվում այն ծառայությունների վրա, որտեղ արդեն գործում է ատեստավորման հիմքով վարձատրության համակարգ։ Այդ բացառությունների թվում են, մասնավորապես, մի շարք ուժային կառույցներ։

Փոփոխությունների մյուս ուղղությունը պետական ծառայության թափուր պաշտոնների համալրման համակարգն է։ Նախատեսվում է վերացնել ներքին և արտաքին մրցույթների բաժանումը և անցնել մեկ միասնական մրցույթի, որին կարող են մասնակցել պահանջներին համապատասխանող բոլոր անձինք՝ անկախ նրանից՝ տվյալ պահին պետական ծառայության համակարգում աշխատո՞ւմ են, թե՞ ոչ։

Նախագիծը նաև փոխում է որոշ իրավապահ պաշտոնների համար կենսաթոշակի իրավունքի տրամաբանությունը․ 20 տարվա ծառայությունից հետո կենսաթոշակ ստանալու գործող հնարավորությանը որպես այլընտրանք առաջարկվում է երկարամյա ծառայությունը խրախուսող կարգավորում, այդ թվում՝ 60 տարեկանի նվազագույն շեմ սահմանելով մի շարք պաշտոնների համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում