Քննարկվել է Հայաստան-ԱՄՆ համատեղ զորավարժությունների անցկացման հարցը
Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը և ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը քննարկել են Հայաստան-ԱՄՆ համատեղ զորավարժությունների անցկացման հարցը, հայտնում են պաշտպանության նախարարությունից։
«Սեպտեմբերի 17-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Բարձր է գնահատվել փոխգործակցության ներկայիս մակարդակը։ Մասնավորապես, կարևորվել է խաղաղապահության, արհեստավարժ սերժանտական կազմի, հրահանգիչների և կրտսեր հրամանատարների պատրաստության, ռազմական կրթության, նաև համատեղ զորավարժությունների ու վարժանքների անցկացման և այլ ուղղություններով համագործակցության զարգացումը։
Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցությունն ընթացիկ ծրագրերի շրջանակում և պատրաստ է քննարկելու նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները։











