Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ են անցկացվել

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ։ Հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերը, ինչպես նաև ԱՄՆ պատերազմի դեպարտամենտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
Ըստ հաղորդագրության՝ կողմերն ամփոփել են վերջին տարիներին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը և ուսումնասիրել համագործակցության տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացման ներուժը։
ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ բանակի կերպափոխման գործընթացներում ներդնելով խորհրդատվական, փորձի փոխանակման և այլ ուղղություններով աջակցության ծրագրերի ամբողջ կարողությունը։
Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն։










