Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները անվտանգության վերաբերյալ նախազգուշացումներ են տարածել ամերիկացիների համար՝ հաշվի առնելով հակամարտության «անսպասելի սրման հավանականությունը»։ Հաղորդագրությունները տարածվել են սեպտեմբերի 20-ի առավոտյան։
«Մերձավոր Արևելքում առկա լարվածության պատճառով անվտանգության իրավիճակը մնում է բարդ՝ պահպանելով հակամարտության անսպասելի սրման հավանականությունը»,- նշել է Պետդեպարտամենտը իր տարածած հաղորդագրություններում։
Նախազգուշացումներում կոնկրետ սպառնալիք չի նշվել, սակայն ամերիկացիներին կոչ է արվել «ցուցաբերել բարձր զգոնություն և տեղեկացված լինել չվերթների հնարավոր չեղարկման, օդային տարածքի փակման և ուղևորությունների ընդհատման հավանականության մասին»։
Որպես հիմք նշվել են Եմենում Սաուդյան Արաբիայի և Իրանի աջակցությունը վայելող հուսիթ զինյալների միջև վերջին բախումները՝ ընդգծելով, որ կողմերի միջև ընթացող «ռազմական հակամարտությունը կարող է արագորեն սրվել»։
Վերջին շաբաթների ընթացքում ակտիվացել են բախումները Սաուդյան Արաբիայի և հուսիթների միջև. վերջիններս իրենց վերահսկողության տակ են առել Եմենի՝ Կարմիր ծովին հարող ափամերձ տարածքների զգալի մասը, ինչպես նաև Բաբ էլ-Մանդեբի կարևորագույն նեղուցում գտնվող մի քանի կղզի։ Այս գործողությունները լրացուցիչ ճնշում են գործադրել նավթի համաշխարհային մատակարարման համակարգի վրա։












