«Հաղթանակ» զբոսայգուց «Գոլդեն Փելիսին» հատկացված հողատարածքը կվերադարձվի պետությանը

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին օտարված 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Վերաքննիչ վարչական դատարանը սեպտեմբերի 11-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով և փոփոխելով Վարչական դատարանի 2024-ի մարտի 11-ի վճիռը։
Գլխավոր դատախազության հայցի հարուցման համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի՝ «Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասը ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերությանն օտարելու մասին» 2008-ի ապրիլի 8-ի թիվ 1619-Ա որոշմամբ, ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերությանն օտարվել է 10,000 քմ մակերեսով հողամաս, որը գտնվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակման տիրույթում և օտարման ենթակա չի եղել:
Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, որպես հետևանք, անվավեր կճանաչվեն նաև Երևանի քաղաքապետի վերոնշյալ որոշման լրացումները, ինչպես նաև Երևանի քաղաքապետի և ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերության միջև 2008-ի մայիսի 29-ին կնքված հողամասի ուղղակի վաճառքի մասին թիվ 4204 պայմանագիրը, ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը, և «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը:
Կազմակերպություն
Տեղադրություն










