Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում անդրադարձել է իր վարչակազմի արտաքին քաղաքականությանը՝ խաղաղության հաստատման գործում ունեցած դերակատարությունն ընդգծելով։
Նա հայտարարել է, որ իր նախագահության ընթացքում ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկել այն սպառնալիքների դեմ, որոնք, իր խոսքով, տարիներ շարունակ անտեսվել են։
«Մինչ մյուսները խոսել են, ես գործել եմ։ Մինչ մյուսները խոսել են խաղաղության մասին, ես խաղաղություն եմ հաստատել»,- ասել է Թրամփը։
Ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ իր հասցեին հնչեցրած խոսքերը։
Թրամփի փոխանցմամբ՝ Փաշինյանը հայտարարել է, որ «առանց Թրամփի անձնական ներգրավվածության ու խաղաղության հասնելու վճռականության այս բեկումը հնարավոր չէր լինի»։ Ալիևից էլ ԱՄՆ նախագահը մեջբերել է հետևյալ խոսքերը՝ «Նախագահ Թրամփը վեց ամսում հրաշք գործեց»։
Իր ելույթում Թրամփն անդրադարձել է նաև Իրանին՝ այն անվանելով «ահաբեկչության թիվ մեկ հովանավոր» և պնդելով, որ Թեհրանի հզորացումը տարիներ շարունակ սպառնալիք է եղել աշխարհի համար։ Նա հայտարարել է, որ Իրանի հարցով առաջիկայում «կարևոր որոշում» պետք է կայացնի, ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։
ԱՄՆ նախագահը խոսել է նաև Կուբայի մասին՝ հայտարարելով, որ երկրի կոմունիստական իշխանությունը «կտապալվի»։ Նրա այս խոսքերից հետո Կուբայի պատվիրակությունը լքել է դահլիճը։
«Կոմունիստական ռեժիմը մեծ ճնշման տակ է՝ ամենամեծը, որ երբևէ եղել է։ Դա լիովին ձախողված պետություն է։ Այն ձախողվում է այնպես, ինչպես երբեք, և կտապալվի»,- հայտարարել է Թրամփը։
Անձ
Տեղադրություն
Կազմակերպություն











