Համընդհանուր ապահովագրության ծախսերը տարեվերջին կարող են անցնել 200 մլրդ դրամը

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում այս պահին ընդգրկված է շուրջ 1,8 մլն շահառու, որոնցից մոտ 850,000-ն արդեն համակարգի շրջանակում ստացել է առողջապահական որևէ ծառայություն կամ դեղորայք։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը։
Խարազյանի ներկայացմամբ՝ բժշկական կազմակերպությունների և դեղատների կողմից փոխհատուցման ներկայացված կատարողականի ծավալն այս պահին գերազանցում է 150 մլրդ դրամը։ Նա նաև հավելեց, որ տարեվերջին հիմնադրամի ծախսերը կարող են անցնել 200 մլրդ դրամը՝ կապված աշնան ամիսներին շնչառական և այլ հիվանդությունների սրման հետ։
«Մեր բժշկական հաստատությունները լիարժեք սպասարկում են համակարգը։ Մենք ունենք որոշակի հերթեր ներկայումս, բայց առանձին նեղ մասնագիտական ծառայությունների մասով։ Քանի որ մեր համակարգում շահառուն է ընտրում բուժհաստատությունը և բժշկին, դրանով պայմանավորված՝ որոշակի հերթեր կարող են առաջանալ, որովհետև մեր շահառուները, որպես կանոն, որոշակի բժշկական կազմակերպություններ կամ բժիշկներ են ընտրում, և միայն դրանով պայմանավորված՝ կարող են հերթերը միջինից ավելի երկար տևել»,- նշեց նախարարի տեղակալը։
Ըստ փոխնախարարի՝ կանխատեսվում է, որ 2027 թվականից համակարգը կունենա մինչև 400,000 նոր շահառուի մուտք։











