Գլխավոր Լրահոս

Առվույտի գայթակղությունը. ինչպես է պետությունը պատրաստվում կրկնապատկել ցորենի արտադրությունը

Ֆերմեր Արսենը մանրացնում է հողակոշտերը եգիպտացորենի բերքահավաքից հետո։ «Սա գութանից նախընտրելի է․ հողը պնդացնելու փոխարեն այն փխրեցնում ենք և օդ տալիս»,- ասում է նա։ (Լուսանկարը՝ ՍիվիլՆեթի)

Ֆերմեր Արսենը մանրացնում է հողակոշտերը եգիպտացորենի բերքահավաքից հետո։ «Սա գութանից նախընտրելի է․ հողը պնդացնելու փոխարեն այն փխրեցնում ենք և օդ տալիս»,- ասում է նա։ (Լուսանկարը՝ ՍիվիլՆեթի)

Հայկ Ղազարյան

Վերջին տարիներին Հայաստանում ցորենի միջին բերքատվությունը հեկտարից կազմել է մոտ 2,3 տոննա, իսկ Արմավիրի մարզում՝ 4 տոննա։ Սակայն Արմավիրի Արաքս համայնքում ֆերմեր Արսեն Սարգսյանին հաջողվել է ստանալ միջինը 9,5 տոննա, իսկ առանձին հողակտորից՝ նույնիսկ 12 տոննա բերք։ Էկոնոմիկայի նախարարությունում այս ցուցանիշները ռեկորդային են համարում, սակայն 16 տարվա փորձ ունեցող ֆերմերը այլ կարծիքի է։

«Դա ռեկորդ չէ։ Մինչև 15-17 տոննա կարելի է լավ սերմատեսակներից ստանալ։ Ուղղակի պետք է հողի հետ աշխատել, հողը պարարտացնել»,- ասում է Արսենը։

Արսեն Սարգսյան. 16 տարվա փորձառությամբ ֆերմերը Արմավիրի մարզում ստացել է ցորենի ռեկորդային բերք։
Արսեն Սարգսյան. 16 տարվա փորձառությամբ ֆերմերը Արմավիրի մարզում ստացել է ցորենի ռեկորդային բերք։

Մյուս ֆերմերների փորձը, սակայն, այլ է։ 2023-ին Արցախից բռնի տեղահանված Արտակ Ներսեսյանը Արմավիրի մարզում գործընկերոջ հետ սկսել էր 50 հեկտար ցորենի և 40 հեկտար գարու ցանքս, բայց այսօր հացահատիկի դաշտը հասցրել է 4-5 հեկտարի և անցել ավելի հեշտ խնամվող առվույտի։

«Այստեղ ջրի վարձն է թանկ, իր ինքնարժեքի հետ չի խոսում արտադրված ցորենն ու գարին։ Այնպես չէ, որ մեծ վնասներ ես կրում, բայց առանձնապես եկամուտ էլ չես ստանում»,- ասում է նա։

Արցախում հողի վարձակալությունը հեկտարի համար տարեկան մոտ 6-7 հազար դրամ էր, իսկ ցորենը մշակում էին անջրդի եղանակով։ Արմավիրում միայն հողի վարձի ու ոռոգման համար մեկ հեկտարի դիմաց Արտակը վճարում է մոտ 125 հազար դրամ՝ շուրջ 21 անգամ ավելի։

Նրա կարծիքով՝ հացահատիկի մշակությունը խթանելու համար պետության աջակցությունը պետք է ուղղվի առաջին հերթին ոռոգման ջրին։

«Եթե ջուրը ձրի լինի, մարդիկ 50-60 տոկոսի փոխարեն կմշակեն հողերի 90 տոկոսը։ Ջուրը թանկ է, ցորենի ու գարու համար տնտեսապես ձեռնտու չէ»,- ասում է Արտակը։

2023-ին Արցախից տեղահանված ֆերմեր Արտակ Ներսեսյանը:
2023-ին Արցախից տեղահանված ֆերմեր Արտակ Ներսեսյանը:

Տեխնիկայի պակասը և բերքի կորուստը

Հայաստանը ցորենով ինքնաբավ է ընդամենը 23 տոկոսով, իսկ ներկրվող ցորենը գրեթե ամբողջությամբ գալիս է Ռուսաստանից։ Կառավարությունը նպատակ է դրել առաջիկա հինգ տարում կրկնապատկել տարեկան 133-150 հազար տոննա արտադրությունը՝ բարձրացնելով բերքատվությունն ու ընդլայնելով ցանքատարածությունները։

Խոչընդոտներից մեկը ժամանակակից գյուղտեխնիկայի պակասն է։

Եթե Արսեն Սարգսյանը սեփական Deutz-Fahr կոմբայնով բերքի կորուստը հասցրել է 1,5-2 տոկոսի, ապա սեփական տեխնիկա չունեցող Արտակ Ներսեսյանը ստիպված է այն վարձակալել։

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի խորհրդի անդամ Գագիկ Սարդարյանի խոսքով՝ տեխնիկայի պակասի պատճառով ուշանում են և՛ ցանքսը, և՛ բերքահավաքը։

«Մինչև տեխնիկան հասնում է, անընդհատ հետաձգում են ցանքսի ժամկետները։ Հետո նույնը տեղի է ունենում բերքահավաքի ժամանակ՝ 20-25 օր ուշացումով»,- ասում է նա։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ հնամաշ կոմբայնների պատճառով բերքահավաքի կորուստը հասնում է առնվազն 25 տոկոսի։ Պետությունն առաջարկում է կոմբայններ ձեռք բերել 0 կամ 2 տոկոս արտոնյալ լիզինգով, իսկ կոոպերատիվների դեպքում կանխավճարի 20-30 տոկոսը տրամադրում է որպես դրամաշնորհ։

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան:
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան:

Պետական ծրագրով արդեն ձեռք է բերվել 25 կոմբայն և 2086 տրակտոր։ Խոջոյանը, սակայն, ընդունում է, որ դա դեռ բավարար չէ։

Արսեն Սարգսյանը կարծում է, որ թանկարժեք տեխնիկայի դեպքում ավելի արդյունավետ կլիներ նաև մայր գումարի մասնակի սուբսիդավորումը։

«Կուզենայի, որ 10 միլիոն և ավելի արժողությամբ տեխնիկա գնելու դեպքում պետությունը գոնե մեկ-երկու միլիոն դրամ աջակցություն տար»,- ասում է նա։

Հող, սերմեր և գիտելիք

Խոջոյանը ցորենի ցածր բերքատվության հիմնական պատճառների թվում նշում է հողի անալիզի ոչ բավարար կիրառումը, ցանքաշրջանառության անտեսումը և ոչ հավաստագրված սերմացուի օգտագործումը։

Արսեն Սարգսյանը հողը երբեք լաբորատոր անալիզի չի ենթարկել և հենվում է իր 16 տարվա փորձի վրա։ Արտակ Ներսեսյանը, հակառակը, կարծում է, որ տարիներով չմշակված հողերը պետք է պետական մակարդակով հետազոտվեն, իսկ մասնագետները գյուղացուն ուղղորդեն՝ ինչ մշակաբույս աճեցնել և ինչ պարարտանյութ օգտագործել։

Գագիկ Սարդարյանը հիմնական խնդիրներից է համարում գյուղատնտեսական խորհրդատվության և ուսուցման համակարգի բացակայությունը։

«Պետք է համայնքներում ընտրել առաջադեմ ֆերմերների, նրանց մոտ ներդնել նոր տեխնոլոգիաները և արդյունքը ցույց տալ մյուսներին։ Այսօր այդ խորհրդատվական ու ուսուցման համակարգը չկա»,- ասում է նա։

Արսենն իր բարձր բերքատվության գլխավոր «գաղտնիքներից» մեկը համարում է ցանքաշրջանառությունը՝ նույն դաշտում հերթագայելով առվույտը, ցորենն ու եգիպտացորենը։

Սերմերի հարցում ևս կառավարությունը փորձում է փոխել պատկերը։ Ըստ Խոջոյանի՝ պետական աջակցության արդյունքում ցորենի ցանքատարածությունների 57 տոկոսում արդեն օգտագործվում է հավաստագրված սերմացու՝ նախկին 20-25 տոկոսի փոխարեն։ 2026-ի բերքահավաքի համար աշնանացան ցորենի ցանքատարածությունը հասել է 67 հազար հեկտարի՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 40 տոկոսով։

Հայաստանում հիմնականում օգտագործվում են ռուսական սերմեր։ Ներմուծվում են նաև ավստրիական սերմեր, որոնցից, ըստ փոխնախարարի, անջրդի պայմաններում հնարավոր է ստանալ միջինը 5 տոննա, իսկ ոռոգման դեպքում՝ 8-9 տոննա բերք մեկ հեկտարից։

Սարդարյանը նույնպես բարձր է գնահատում ավստրիական սերմերի արդյունավետությունը, սակայն նշում է, որ դրանց ներմուծման ծավալները չնչին են։

Կկրկնապատկվի՞ ցորենի արտադրությունը

Գագիկ Սարդարյանի գնահատմամբ՝ Հայաստանում ցորենի 2,3-2,6 տոննա միջին բերքատվությունը վերջին 50 տարում գրեթե չի փոխվել։ Նա թերահավատ է արտադրությունը կրկնապատկելու ծրագրի նկատմամբ՝ նշելով, որ նախարարությունը չունի հազարավոր ֆերմերների հետ աշխատելու անհրաժեշտ աշխատակազմն ու գործիքակազմը։

Գագիկ Սարդարյան. «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Գագիկ Սարդարյան. «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Նրա կարծիքով՝ պետությունը պետք է ավելի ակտիվ օգտագործի նաև հաջողակ ֆերմերների փորձը։

«Այսօր մասնավոր ոլորտում կան ցորեն արտադրողներ, այդ թվում՝ Արցախից տեղափոխված, որոնք իրենց պրակտիկ գիտելիքներով մի քանի անգամ առաջ են ոլորտի շատ մասնագետներից»,- ասում է Սարդարյանը։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ ցորենի ռեկորդային՝ 350-363 հազար տոննա բերքն ու 53 տոկոս ինքնաբավության մակարդակը գրանցվել են 2015–2016 թվականներին։ Հետագայում ցանքատարածությունները շուրջ 110 հազար հեկտարից նվազել են մինչև 56-57 հազար հեկտար, իսկ ինքնաբավությունը՝ ընկել։ Խոջոյանը, սակայն, կարծում է, որ նախկին տարիների պաշտոնական արտադրության տվյալները կարող էին ուռճացված լինել։

Մինչ պետությունը փորձում է կրկին մեծացնել ցորենի արտադրությունը, ֆերմերի համար ընտրությունը հաճախ շատ ավելի պարզ տնտեսական հաշվարկ է՝ ցորեն մշակե՞լ, թե՞ անցնել ավելի շահութաբեր և քիչ ծախսատար առվույտի։

Արտակ Ներսեսյանի դեպքում այդ հաշվարկին ավելանում է նաև շրջափակման փորձը։ Թեև ցորենը գրեթե եկամուտ չի բերում, իր մնացած չորս հեկտարից նա չի պատրաստվում հրաժարվել։

«Մենք Ղարաբաղում տեսել ենք բլոկադան, տեսել ենք, որ հաց չկար, մարդիկ գիշերներով հերթ էին կանգնում, որ կես հաց վերցնեին։ Վնաս էլ լինի, մեկ է՝ անելու ենք, որպեսզի մեր հացն ունենանք»,- ասում է Արտակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում